AM
10 Նոյեմբեր 2026 - 13:06 AMT

Ֆրանսիան Իրանին է մեղադրել սուպերմարկետների սառնարանների դեմ կիբեռհարձակումների համար

Ֆրանսիայի իշխանություններն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրել են հոկտեմբերին ֆրանսիական սուպերմարկետների սառնարանների և սառցարանների կառավարման համակարգերի դեմ իրականացված կիբեռհարձակումները կազմակերպելու մեջ։ Այդ մասին Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Սա մեր տարածքում դիվերսիա իրականացնելու նպատակով կատարված առաջին նման լայնածավալ կիբեռհարձակումն էր, և այն լուրջ ոտնձգություն է մեր ազգային շահերի և Ֆրանսիայի ժողովրդի անվտանգության նկատմամբ»,– հայտարարել է նախարարը, հայտնում է BBC-ն:

Բարոն տեղեկացրել է, որ հարձակման համար պատասխանատու բոլոր անձանց նկատմամբ նախատեսվում է կիրառել համաեվրոպական պատժամիջոցներ։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Փարիզում Իրանի դեսպանը նույնպես հրավիրվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ «այս ծայրահեղ ծանր արարքի կապակցությամբ վճռական բողոք արտահայտելու» նպատակով։

Բարոն նաև ընդգծել է, որ տեղի ունեցածին ի պատասխան Ֆրանսիան պատրաստվում է ձեռնարկել «ցանկացած այլ անհրաժեշտ և համաչափ միջոց»՝ նպատակ ունենալով «նախազգուշացնել նրանց, ովքեր կարող են փորձել կրկնել նմանատիպ գործողությունը»։

Իրանական կողմն առայժմ որևէ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության վերաբերյալ։

Հոկտեմբերի 11-12-ին տեղի ունեցած կիբեռհարձակման հետևանքով տուժել են Ֆրանսիայի տարբեր շրջաններում գործող հարյուրավոր սուպերմարկետներ։ Հաքերներին հաջողվել է վերահսկողություն հաստատել սառնարանային սարքավորումների ջերմաստիճանը կարգավորող ծրագրային ապահովման նկատմամբ և բարձրացնել դրանց ներսում պահպանվող ջերմաստիճանը։ Տուժած առևտրային ցանցերից մեկի տվյալներով՝ որոշ սառնարաններում ջերմաստիճանը հասել է մինչև 50 աստիճան Ցելսիուսի, ինչի հետևանքով սննդամթերքը փչացել է։ Հասցված նյութական վնասը գնահատվել է միլիոնավոր եվրոներ։

Հարձակման հետևանքով խափանվել է Coopérative U առևտրային ցանցի ավելի քան 100 սուպերմարկետի, ինչպես նաև Intermarché ցանցի և դրա կազմում գործող Netto ապրանքանիշի 180 խանութի աշխատանքը։ Տուժածների թվում են հայտնվել նաև մանրածախ առևտրի խոշոր այլ ցանցեր, այդ թվում՝ Carrefour-ը, Monoprix-ը և E.Leclerc-ը։

Հարձակման հիմնական թիրախը դարձել է դանիական Danfoss ընկերության մշակած ծրագրային ապահովումը, որի միջոցով առևտրային ցանցերը հնարավորություն ունեն հեռավար կարգավորելու և վերահսկելու սառնարանային սարքավորումների աշխատանքը։

Նոյեմբերի 2-ին նմանատիպ կիբեռհարձակումներ են գրանցվել եվրոպական ևս ինը երկրներում՝ Ֆինլանդիայում, Էստոնիայում, Շվեդիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում, Իռլանդիայում, Իտալիայում և Պորտուգալիայում։ Այդ հարձակումների հետևանքով տուժել են ավելի քան 100 առևտրային օբյեկտներ։

Փարիզի դատախազ Լոր Բեկոն հայտարարել է, որ սուպերմարկետների դեմ իրականացված կիբեռհարձակումների առնչությամբ դատախազությունը հետաքննություն է սկսել «Շահիդ Քավեհ» հաքերային խմբավորման և դրա ղեկավար կազմի երկու անդամների նկատմամբ։ Նշված խմբավորումը, ըստ ֆրանսիական կողմի, կապեր ունի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կիբերկենտրոնի հետ։

Միևնույն ժամանակ Ֆրանսիայի իշխանությունները չեն հրապարակել այն ապացույցները կամ տվյալները, որոնց հիման վրա եզրակացրել են, որ կիբեռհարձակումների պատասխանատվությունը կրում է Իրանը։

Հատկանշական է, որ կիբեռհարձակումների իրական կազմակերպիչներին բացահայտելը չափազանց բարդ գործընթաց է, քանի որ հաքերները սովորաբար մանրակրկիտ թաքցնում են իրենց գտնվելու վայրը և գործողությունների իրական աղբյուրը։