AM
11 Նոյեմբեր 2026 - 10:19 AMT

Վարչապետ․ ՀՀ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ

Հայաստանը ԵՄ հետ ակտիվ համագործակցություն է նախաձեռնել հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության 9-րդ համաժողովի շրջանակում տեղի ունեցած «Չնահանջելով. ինքնիշխանությունը հիբրիդային սպառնալիքների դարաշրջանում» խորագրով պանելային քննարկման ժամանակ:

Վարչապետն անդրադարձել է ապատեղեկատվության տարածման խնդրին և ընդգծել, որ դրա կանխարգելման արդյունավետ միջոցներից մեկը կարող է լինել թափանցիկությունը։ Նրա դիտարկմամբ՝ բաց հասարակություններում տեղեկատվության հասանելիությունն էապես դժվարացնում է ապատեղեկատվության տարածումն ու հանրությանը դրա պարտադրումը, հայտնում է Արմենպրեսը:

«Իհարկե, թափանցիկության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և կողմնակի հետևանքներ կան։ Շատ հեշտ է բանաձևը ձևակերպել, սակայն կիրառման փուլում բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ կիբեռանվտանգությանը, ապա կիբեռանվտանգության գործիքներն ու համակարգերը պետք է կառուցել և շարունակաբար զարգացնել, քանի որ ակնհայտ է, որ ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների գործիքները զարգանում են շատ ավելի արագ, քան մենք ակնկալում էինք»,-շեշտել է Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն առանձնահատուկ նշանակություն է տվել միջազգային համագործակցությանը՝ ընդգծելով, որ նման մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ են երկրների միջև փորձի, մասնագիտական գիտելիքների և կարողությունների փոխանակումը։

«Եթե ինչ-որ բան ինչ-որ տեղ արդեն պատահել է, ապա այն այլ վայրերում էլ հաստատ տեղի կունենա։ Պետք է նախապես տեղեկացված լինել, և, ըստ իս, դա կօգնի պատրաստ լինել համանման տարբեր իրավիճակների: Ես կարծում եմ՝ որպես տարբերակ, որպես գաղափար կարելի է ստեղծել որոշակի ընդհանուր տեղեկատվական դաշտ, որտեղ հնարավոր կլինի միմյանց հետ փոխանակել տեղի ունեցածի մասին տեղեկություններ, քննարկել, թե արդյոք հաջողվել է կառավարել իրավիճակը, իսկ եթե հաջողվել է, ապա ինչպե՞ս։ Դա կարող է օգտակար լինել բոլոր մասնակիցների և բոլոր երկրների համար»,-ասել է նա:

Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը, Հայաստանի վարչապետից բացի, մասնակցել նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան։