Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստանից» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46–ամյա Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների վերաբերյալ՝ նշելով, որ բժիշկներին թույլ է տրվել մուտքը ՔԿՀ, «փաստացի, նրա մահվանից հետո»:
«Արսեն Գևորգյանի նկատմամբ հոկտեմբերի 23-ից իրականացվել է քաղաքական հետապնդում: Փաստը, որ Արսեն Գևորգյանի նկատմամբ ապօրինի ընտրվել էր կալանք 2 ամսով, սակայն, ամբողջ նախաքննությունն ավարտվել էր շուրջ 15 օրում, ապացուցում է, որ խափանման միջոց հենց կալանքի անհրաժեշտությունը, ընդհանրապես, բացակայում էր»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ նրան զննել է բուժակը, ոչ թե ՔԿՀ-ի բժիշկը, ինչի մասին ասվում է նաև ՔԿԾ տարածած հայտարարության մեջ:
«Ողբերգական մահվան մասին ըստ մեր ստացած տվյալների.
- Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմից ոչ թէ բժիշկ է նրան զննել, այլ բուժակ:
- Շտապօգնության կանչը չի տրվել առավել սեղմ ժամկետներում և անգամ դրանից հետո:
- Բժշկի կողմից Արսեն Գևորգյանին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, դրա հասանելիությունը չի ապահովվել: Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո:
Բացահայտված հանգամանքները մարդու իրավունքների լուրջ խախտումների կասկածներ են առաջացնում և դրանք պետք է մանրակրկիտ, անկախ ու անաչառ քննության ենթարկվեն»,-ասված է հայտարարության մեջ։
Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21․10․2026թ․) Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։
Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը:





