AM
11 Նոյեմբեր 2026 - 14:07 AMT

ՀՀ-ն ՄԱԿ-ում կողմ է քվեարկել նացիզմի հերոսացումը դատապարտող ռուսական բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հավանություն է տվել նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնած բանաձևի նախագծին։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 117 պետություն, այդ թվում՝ Հայաստանը։

Քվեարկության արդյունքների մասին սոցիալական ցանցերում տեղեկություն է հրապարակել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Գրիգորի Լուկյանցևը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ռուսական նախաձեռնությանը դեմ է քվեարկել 53 երկիր, ևս 9 պետություն որոշել է ձեռնպահ մնալ քվեարկությունից։

Փաստաթուղթը նաև կոչ է պարունակում միջազգային հանրությանը՝ միջոցներ ձեռնարկելու ռասայական խտրականության բոլոր դրսևորումները վերացնելու ուղղությամբ։

Նացիզմի հերոսացման դեմ պայքարին նվիրված բանաձևը ՄԱԿ-ում ընդունվում է ամեն տարի՝ սկսած 2005 թվականից։ Նախաձեռնության հիմնական նպատակն է դատապարտել նացիստական գաղափարախոսության քարոզչությունն ու Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու փորձերը։