Ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, և կազմակերպությունն արձագանքելու է այդ իրավիճակին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, սակայն այն, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ակնհայտ է։ Եվ ՀԱՊԿ-ը, համապատասխանաբար, արձագանքելու է դրան»,- ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին:
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշման նախագիծ կներկայացնեն:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ կողմ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի հեռացմանը։ Նա նաև նշել էր, որ գոհ կլինի, եթե նման որոշում կայացվի։
Փաշինյանի խոսքով՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանը մտադիր չէ ակտիվացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին։ Վարչապետը հայտարարել է, որ կազմակերպության նկատմամբ Երևանի հետաքրքրությունն արդեն սպառվել է։





