AM
12 Նոյեմբեր 2026 - 11:53 AMT

Զախարովա․ Մտահոգված ենք Արևմուտքի պահանջով ռուսաստանցիների ձերբակալություններով, այդ թվում՝ ՀՀ-ում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել աշխարհի տարբեր հատվածներում ռուսաստանցիների նկատմամբ արևմտյան մի շարք երկրների գործողությունների կապակցությամբ։

Նրա խոսքով՝ նման իրավիճակ է ստեղծվել նաև Հայաստանում, որտեղ տարեսկզբից ի վեր օտարերկրյա համապատասխան հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Արևմտյան մի շարք երկրներ բառացիորեն որս են հայտարարել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ամբողջ աշխարհում։ Ցավոք, Հայաստանն այստեղ բացառություն չի դարձել, քանի որ տարեսկզբից հանրապետությունում համապատասխան արտասահմանյան հարցումների հիման վրա ձերբակալվել է Ռուսաստանի հինգ քաղաքացի։ Բնականաբար, նման իրավիճակը մեզ լուրջ անհանգստություն է պատճառում»,- հայտարարել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ ռուս դիվանագետները շարունակաբար այցելում են համապատասխան հաստատություններում պահվող իրենց հայրենակիցներին։ Միաժամանակ տեղեկություններ են ստացվել, որ ձերբակալվածներից մի քանիսի առողջական վիճակը վատթարացել է։

Զախարովան հիշեցրել է, որ ավելի քան մեկ տարի առաջ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է խնդրի կարգավորման իրավական տարբերակ։

«Ավելի քան մեկ տարի առաջ հայ գործընկերներին առաջարկել ենք այս խնդրի կարգավորման իրավական տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով։ Ընդ որում, Երևանին քննարկման ներկայացված նախագիծը հաշվի է առել նաև հայկական կողմի ցանկությունները։ Այնուամենայնիվ, մինչ օրս որևէ պատասխան չենք ստացել»,- ընդգծել է դիվանագետը։

Այս համատեքստում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, որ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է հայտնվեն քաղաքական իրավիճակի պատանդի կարգավիճակում։

«Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդներ»,- հայտարարել է Զախարովան։

Նա հավաստիացրել է, որ Մոսկվան շարունակելու է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել հարցը և գործադրել հնարավոր բոլոր ջանքերը ձերբակալված ռուսաստանցիների ազատ արձակման համար։