Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ՝ դա անվանելով «դատապարտելի և սադրիչ»:
Արցախում հայկական եկեղեցիներն ու վանքերը ոչնչացնող կամ դրանք աղվանական հռչակող Ադրբեջանը հայկական և իրանական կողմերին մեղադրել է «պատմական ինքնությունը խեղաթյուրելու փորձերի մեջ»:
Բաքուն Կապույտ մզկիթը ներկայացնում է որպես «ադրբեջանական ժողովրդի հնագույն պատմամշակութային ժառանգության նմուշներից մեկը», հայկական բանաստեղծի անունով սրահ ունենալը որակում որպես «միջազգային կոնվենցիաներով ամրագրված համամարդկային արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունք և խաղաղության ու փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերի դեմ սադրանք»։
«Ադրբեջանի Հանրապետության կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեն նշել է, որ Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահում Եղիշե Չարենցի կիսանդրին տեղադրելու նախաձեռնությունը լուրջ հարցեր է առաջացրել հայկական կողմի, հատկապես երկրի քաղաքական ղեկավարության՝ հուշարձանի սկզբնական նշանակության և պատմական պատկանելության նկատմամբ օբյեկտիվ ու անկողմնակալ վերաբերմունքի առնչությամբ»,-գրում է APA-ն:
Կոմիտեն նաև անդրադարձել է մզկիթի կառուցման պատմությանը՝ պնդելով, որ այն «կառուցվել է 18-րդ դարում Երևանի խան Հուսեյնալի խանի նախաձեռնությամբ և ադրբեջանական ճարտարապետության բացառիկ նմուշներից է»:
Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը որևէ պետության կողմից չի կարող հիմք հանդիսանալ մշակութային հուշարձանի պատմական պատկանելությունը փոխելու կամ դրա սկզբնական ճարտարապետական առանձնահատկություններն այլ մշակույթի մաս ներկայացնելու համար։
«Կապույտ մզկիթի պատմական ինքնությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել դրա կառուցման ժամանակաշրջանը, Երևանի խանության պատմությունը և քաղաքի՝ ադրբեջանական մշակութային ժառանգության հետ ենթադրյալ կապերը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հազարավոր հայկական հուշարձաններ ոչնչացրած ու պղծած երկրի գերատեսչությունը կոչ է արել հայկական և իրանական կողմերին «հարգել պատմական փաստերը և զերծ մնալ կրոնական ու մշակութային հուշարձանները քաղաքական-գաղափարական նպատակներով օգտագործելուց»:





