AM
12 Նոյեմբեր 2026 - 14:03 AMT

Գերասիմ Վարդանյանը չի վերցնի Արտաշատի ավագանու մանդատը

Արտաշատի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորած Գերասիմ Վարդանյանը հայտարարել է, որ որոշել է չվերցնել ավագանու անդամի մանդատը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա պարզաբանել է, որ իր որոշումը պայմանավորված է առաջիկայում սպասվող քաղաքական գործընթացներին առավել արդյունավետ մասնակցելու նկատառումներով։

«Իմ՝ ավագանու կազմում չլինելը առաջիկա քաղաքական պրոցեսներին իմ ավելի արդյունավետ ներգրավվածության ու մասնակցության մարտավարական նպատակ ունի։

Տեղեկացնում եմ նաև, որ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ ՀՅԴ ավագանու խմբակցությունը ներկայացված է լինելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանում՝ շարունակելով իր ընդդիմադիր պայքարը և ակտիվ մասնակցություն ունենալով ավագանու աշխատանքներին:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են մեզ, աջակցել և իրենց ձայնը տվել մեր ուժին։ Ձեր վստահությունը գնահատում եմ և վստահեցնում, որ ՀՅԴ խմբակցությունը ներկայացնելու և զբաղվելու է ոչ միայն իրենց վստահության քվեն մեզ տված 3 հազար մեր հայրենակիցների, այլ նաև համայնքի այլ քաղաքական հայացքներ ունեցող բնակիչների համայնքային հարցերով ու խնդիրներով։»,-նշել է նա։

ՀՅԴ խմբակցությունն Արտաշատ խոշորացված համայնքի ավագանիում ներկայացնելու են Արտավազդ Մարգարյանը, Անի Ազատյանը, Արտակ Թադևոսյանը և Հերմինե Խուդոյանը։