Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը հանդես է եկել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ։ Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է վերացնել պաշտոնական գործուղման մեկնած պատգամավորների՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խորհրդի և լիագումար նիստերի բաց քվեարկություններին նախապես գրավոր մասնակցելու հնարավորությունը։
Ներկայում գործող օրենսդրությունը թույլ է տալիս գործուղման մեկնող պատգամավորներին մինչև մեկնումը փակ ծրարով ներկայացնել իրենց դիրքորոշումն օրակարգային հարցերի վերաբերյալ։ Ներկայացված դիրքորոշումները հետագայում հաշվառվում են համապատասխան քվեարկությունների արդյունքներն ամփոփելիս։ Միաժամանակ, այդ ընթացակարգը չի կիրառվում գաղտնի և անվանական քվեարկությունների դեպքում, հայտնում է Factor.am-ը:
Ղազարյանի առաջարկած փոփոխության համաձայն՝ պաշտոնական գործուղման մեջ գտնվող պատգամավորները նույնպես պետք է անձամբ մասնակցեն քվեարկություններին, որպեսզի նրանց ձայնը հաշվառվի։
Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ պատգամավորը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախապես արտահայտված դիրքորոշումը միշտ չէ, որ կարող է համապատասխանել պատգամավորի վերջնական որոշմանը։ Նրա գնահատմամբ՝ խորհրդարանական նիստերի ընթացքում ծավալվող քննարկումները, հարցուպատասխանը, ինչպես նաև մյուս պատգամավորների ներկայացրած փաստարկներն ու տեսակետները կարող են ազդել օրենսդրի կարծիքի վրա և հանգեցնել դիրքորոշման փոփոխության։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ նախնական կարծիքը որպես վերջնական քվեարկություն արձանագրելու գործելակերպը կարող է նվազեցնել խորհրդարանական քննարկումների դերն ու նշանակությունը։
Ղազարյանը նաև մատնանշել է պատգամավորների բացակայության պատճառների միջև առկա տարբերակված մոտեցումը։ Մասնավորապես, խորհրդարանի անդամները կարող են նիստերից բացակայել ոչ միայն ծառայողական գործուղումների, այլև առողջական խնդիրների, ընտանեկան հանգամանքների կամ այլ պատճառներով։ Սակայն նման դեպքերում նրանց համար նախապես քվեարկելու համանման հնարավորություն օրենսդրությամբ սահմանված չէ։
Պատգամավորի գնահատմամբ՝ գործող կարգավորումը տարբեր պայմաններ է նախատեսում նույն կարգավիճակն ունեցող խորհրդարանականների համար։
Կառավարությունը, իր հերթին, բացասական եզրակացություն է ներկայացրել առաջարկվող փոփոխության վերաբերյալ՝ հիմնավորելով իր անհամաձայնությունը մի շարք առարկություններով։
Գործադիրի դիրքորոշմամբ՝ պաշտոնական գործուղման հանգամանքը չպետք է սահմանափակի պատգամավորի՝ ներկայացուցչական մանդատից բխող լիազորություններն իրականացնելու հնարավորությունը։
Կառավարությունը շեշտել է, որ գործուղման մեկնած պատգամավորները շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները։ Նրանք, մասնավորապես, մասնակցում են միջազգային խորհրդարանական միջոցառումներին, ներկայացնում Հայաստանի Ազգային ժողովը և իրականացնում իրենց մանդատով նախատեսված այլ գործառույթներ։
Գործադիրն անդրադարձել է նաև առաջարկվող փոփոխության հնարավոր քաղաքական հետևանքներին։ Կառավարության գնահատմամբ՝ նոր կարգավորումը կարող է ազդեցություն ունենալ խորհրդարանական ուժերի ձայների հարաբերակցության վրա և որոշ դեպքերում սահմանափակել խորհրդարանական փոքրամասնության մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին։
Նշվել է, որ պաշտոնական գործուղումների մեկնող պատգամավորների թվում կարող են լինել նաև ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ, որոնց քվեարկության հնարավորության սահմանափակումը կարող է անդրադառնալ խորհրդարանում ուժերի ներկայացվածության վրա։
Միաժամանակ, կառավարությունը խնդրահարույց է համարել նախագծի այն հիմնավորումը, ըստ որի՝ պատգամավորը խորհրդարանական քննարկումների արդյունքում կարող է վերանայել նախապես ներկայացրած դիրքորոշումը։
Որպես հնարավոր այլընտրանքային լուծում՝ գործադիրն առաջարկել է քննարկել ժամանակակից առցանց գործիքների ներդրման հնարավորությունը։ Դրանց կիրառմամբ պատգամավորը, անցնելով ինքնության հաստատման խիստ ընթացակարգ, հնարավորություն կունենա հետ կանչելու նախկինում գրավոր ներկայացրած իր դիրքորոշումը։
Կառավարությունը նպատակահարմար է համարել օրենսդրական նախաձեռնության հետագա քննարկումների ընթացքում հաշվի առնել իր ներկայացրած դիտարկումներն ու առարկությունները։





