AM
12 Նոյեմբեր 2026 - 16:30 AMT

Փաշինյանը` թուրք լրագրողին․ Հիմա պետք է վերանորոգել երկաթուղին և բացել սահմանները

Անթալիայում COP31-ի շրջանակում TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը:

Նա հավելել է, որ հիմա պետք է վերանորոգել երկաթուղին և բացել սահմանները, հայտնում է Factor.am-ը:

«Այսօր մենք շատ դրական հանդիպում ենք ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Մեր միջև ձևավորվել է դրական երկխոսություն, և մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է նա:

Անթալիայում COP31-ի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդգծել են այն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Անկարան արդեն ավարտել է Հայաստանի հետ ցամաքային սահմանի և երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, սակայն սահմանների բացման համար սպասում է Երևանի և Բաքվի միջև վերջնական համաձայնության ձեռքբերմանը, գրում է Ermenihaber-ը:

Ուրալօղլուի խոսքով՝ Անկարան հաշվի է առնում նաև Բաքվի մտահոգությունները։ Նախարարը հավելել է, որ սահմանների բացումը, իր գնահատմամբ, երկար չի տևի։

Թուրքիան Հայաստանի հետ ցամաքային սահմանը փակ է պահում 1993 թվականից։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր գործընթացը մեկնարկել է 2021 թվականի վերջին։ Հայկական և թուրքական կողմերը նախկինում համաձայնության են եկել նաև երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու հարցում։ Սակայն ձեռք բերված այդ պայմանավորվածությունը մինչ օրս գործնականում չի իրականացվել։