Microsoft ընկերության մի շարք հիմնական ծառայություններում լայնածավալ տեխնիկական խափանում է արձանագրվել, որի հետևանքները զգացել են աշխարհի տարբեր երկրներում գտնվող տասնյակ հազարավոր օգտատերեր։ Խնդիրներն ընդգրկել են Outlook էլեկտրոնային փոստի ծառայությունը, Teams տեսաժողովերի հարթակը, արհեստական բանականությամբ աշխատող Copilot չաթբոտը և ընկերության այլ ծրագրային լուծումներ։
Ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիան տեղեկացրել է, որ նշված ծառայություններում առաջացել են «միացման հետ կապված խնդիրներ»։ Microsoft-ի նախնական գնահատմամբ՝ քիչ հավանական է, որ համակարգերի աշխատանքի խաթարումը պայմանավորված լինի կիբերհարձակմամբ, հայտնում է BBC-ն:
Ինտերնետային ծառայությունների աշխատանքին հետևող Downdetector հարթակի տվյալներով՝ ընդամենը մեկ ժամվա ընթացքում Microsoft-ի ծրագրերի աշխատանքի վերաբերյալ խափանումների հաղորդումներ են ստացվել աշխարհի 74 երկրից։ Տեխնիկական խնդիրները շարունակվել են նաև դրանց ի հայտ գալուց ավելի քան ութ ժամ անց։
Ընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Microsoft 365 ծրագրային փաթեթից ամբողջ աշխարհում օգտվում է mwt 430 միլիոն մարդ։
Microsoft-ը հայտնել է, որ արդեն թողարկել է ծրագրային թարմացում՝ առաջացած խնդիրները վերացնելու նպատակով։ Սակայն թարմացման ներդրման և տարածման գործընթացն ավելի երկար է տևել, քան նախապես նախատեսվել է։
Ընկերությունը նաև պարզաբանել է, որ միաժամանակ մի քանի տարածաշրջաններում տեղակայված իր սերվերները բախվել են «գերբեռնվածության»։ Սա նշանակում է, որ համակարգերին ուղղված հարցումների քանակը գերազանցել է սերվերների մշակման հնարավորությունները։
Տեխնիկական խափանման հետևանքով Outlook-ի նման ծառայությունները կարող են աշխատել սովորականից զգալիորեն դանդաղ։ Մասնավորապես, օգտատերերը դժվարություններ են ունեցել էլեկտրոնային նամակները, դրանց կցված ֆայլերը և օրացույցի գրառումները բացելիս։ Որոշ դեպքերում դրանք ուշացումով են հայտնվել մուտքային նամակների բաժնում կամ ընդհանրապես չեն ցուցադրվել։
Խնդիրներ են արձանագրվել նաև Copilot արհեստական բանականության համակարգում։ Օգտատերերի ուղարկած հարցումների մշակումը կարող է սովորականից ավելի երկար տևել, իսկ որոշ դեպքերում պատասխաններն ընդհանրապես չեն ստացվել նախատեսված ժամանակահատվածում։
Microsoft-ի ենթակառուցվածքներում առաջացած խափանումն ազդել է նաև այլ տեխնոլոգիական ընկերությունների ծառայությունների վրա, որոնք անմիջականորեն չեն պատկանում ամերիկյան կորպորացիային։
Մասնավորապես, OpenAI և Anthropic ընկերությունները տեղեկացրել են իրենց արտադրանքներում որոշակի խափանումների մասին։ Խնդիրներն առնչվել են այդ ընկերությունների խոշոր լեզվային մոդելների այն գործառույթներին, որոնք ինտեգրված են Microsoft-ի ծրագրային ծառայությունների հետ։
Իրավիճակին անդրադարձել է նաև Ավստրալիայի ներքին գործերի և կիբերանվտանգության նախարար Թոնի Բերկը։ Նա հայտնել է, որ կապ է հաստատել Ավստրալիայում Microsoft-ի ներկայացուցիչների հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։
Նախարարի փոխանցմամբ՝ ընկերության մասնագետները «չեն կարծում, որ գործ ունեն կիբերմիջադեպի հետ»։
Միևնույն ժամանակ տեխնոլոգիական ոլորտի որոշ վերլուծաբաններ խիստ քննադատության են ենթարկել Microsoft-ին՝ համակարգերի աշխատանքի երկարատև խափանման համար։
Նոր Զելանդիայում գործող Gorilla Technology խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Փոլ Սփեյնը հայտարարել է, որ եթե տեղի ունեցածը կիբերհարձակման հետևանք չէ, ապա ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես «անհավանական անգործունակություն»։
Նրա գնահատմամբ՝ տեխնիկական խնդիրների պատճառով բազմաթիվ կազմակերպություններ փաստացի «կորցրել են ամբողջ աշխատանքային օրը»։
Սփեյնը դժգոհություն է հայտնել, որ նման մասշտաբի տեխնոլոգիական ընկերության ծառայությունների խափանումը կարողացել է այդքան երկար ժամանակ խաթարել կազմակերպությունների բնականոն գործունեությունը։





