Պաշտոնական Երևանը չի պարզաբանել Դուբլինի անվտանգության խարտիային չմիանալու պատճառները:
ՀՀ վարչապետի և արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակները համատեղ քննարկմամբ փոխանցել են, որ մեկնաբանություն չունեն, թե ինչու Երևանը չի միացել Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին համաձայնեցված Եվրոպայի անվտանգության վերաբերյալ ստեղծած «խարտիային», հայտնում է Factor.am-ը:
AFP լրատվական գործակալության տեղեկություններով՝ Դուբլինում մշակված փաստաթուղթը վերահաստատում է եվրոպական անվտանգության հիմքում արդեն գործող սկզբունքները՝ միաժամանակ դրանք համալրելով ժամանակակից մարտահրավերներին վերաբերող նոր դրույթներով, մասնավորապես, հիբրիդային սպառնալիքներով։
Եվրոպական մոտ 40 պետություն մասնակցել է անվտանգության սկզբունքներն ամրագրող փաստաթղթի ընդունմանը, սակայն Հայաստանը չի ընդգրկվել դրան աջակցած երկրների շարքում։
Փաստաթուղթը ստորագրած պետությունները «ամենավճռական կերպով» դատապարտել են «Մոսկվայի ուժեղացող հիբրիդային արշավները»։ Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել դիմակայելու նման սպառնալիքներին և հակազդելու տեղեկատվական միջամտության փորձերին։
Factor.am-ը դիմել է Հայաստանի արտաքին քաղաքականության համար պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին՝ խնդրելով բովանդակային պարզաբանում ներկայացնել պաշտոնական Երևանի դիրքորոշման վերաբերյալ։ Լրատվամիջոցը մասնավորապես հետաքրքրվել է, թե ինչու Եվրամիությանն անդամակցելու ձգտումներ ունեցող Հայաստանը որոշել է չմիանալ եվրոպական անվտանգության վերաբերյալ համաձայնեցված փաստաթղթին։
Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը պատասխանել է, որ հավելյալ մեկնաբանություն չկա։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության խոսնակ Անի Բադալյանն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայացված պատասխանը որոշվել է վարչապետի խոսնակի հետ համատեղ քննարկման արդյունքում։





