Կալանավայրում սրտի կաթվածից մահացած Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի կալանքի որոշումը կայացրած դատավոր Արամ Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորն ինքնաբացարկ է ներկայացրել սեփական նախաձեռնությամբ։
Գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին, հայտնում է Panorama.am-ը:
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը հայտարարել է, որ Արսեն Գևորգյանի մահը կանխելու համար համակարգը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները։
«Քրեակատարողականի ծառայողների գործողությունների և բժիշկների արագ արձագանքման տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեակատարողական ծառայությունը, համակարգն իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի այս դեպքը տեղի չունենար», – ասել է Ծովինար Թադևոսյանը, հայտնում է «Ազատությունը»:
«Նուբարաշենի» բանտում «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքից հետո քրեակատարողական ծառայությունում քննություն է իրականացվում: Ըստ Թադևոսյանի, դեռևս արդյունքներ չկան, բայց տեսախցիկների հրապարակած ժամանակացույցն էլ է ցույց տալիս, որ շտապօգնությունը չի ուշացել, հասել է 16 րոպեի ընթացքում:
Միաժամանակ Գևորգյանի շահերը ներկայացնող փաստաբանական թիմը հակառակ տեսակետն է հայտնել՝ պնդելով, որ շտապօգնության ծառայությանը ուշացումով են դիմել, իսկ բուժաշխատողները տեղ են հասել այն ժամանակ, երբ ընդդիմադիր գործիչն արդեն մահացած է եղել։
Անդրադառնալով փաստաբանների բարձրացրած հարցին, թե ինչու հնարավոր չի եղել Գևորգյանին անհապաղ տեղափոխել հիվանդանոց՝ առանց շտապօգնության ժամանմանը սպասելու՝ Ծովինար Թադևոսյանը պարզաբանել է, որ հատկապես սրտանոթային խնդիրների առկայության դեպքում չափազանց կարևոր է հիվանդի տեղափոխումը պատշաճ և անվտանգ կազմակերպելը։ Նա նաև ընդգծել է, որ նման իրավիճակների համար սահմանված են համապատասխան ընթացակարգեր, և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները գործել են դրանց համաձայն։
«Ծառայողը, տեղեկանալով անձի առողջական որոշակի խնդրի մասին, անիջապես հայտնում է բժշկական ստորաբաժանմանը: Ստորաբաժանումն արձագանքում է՝ գալով և տեղում գնահատելով անձի առողջական վիճակը: Այնուհետև, գնահատումից հետո, եթե անհրաժեշտություն է լինում, բժշկի կամ բուժակի արձագանքից հետո կանչում են շտապօգնություն», – ասել է Քրեակատարողական ծառայության պետը:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ինչպես նաև Հայաստանի մյուս յոթ բանտերում, բացառությամբ «Արմավիրի», հերթապահ բժիշկներ նախատեսված չեն։ Արսեն Գևորգյանին նախնական բուժօգնություն է տրամադրել բուժակը, որը, փաստաբանների պնդմամբ, համապատասխան իրավասություն չի ունեցել ինքնուրույն գնահատելու հիվանդի առողջական վիճակը և դրա հիման վրա բուժում նշանակելու համար։





