ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին՝ ընդգծելով, որ դրա լուծումը սերտորեն կապված է տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման հետ։
«Բանտարկյալների խնդիրը մեր իրողության մեջ կարևոր խնդիրներից է։ Բայց այդ խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը, այլապես այն չի լուծվի։ Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է։ Եթե խորանա թշնամանքը, դա կնշանակի, որ այս հարցը հաստատ չի լուծվի»,- նշել է Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը:
Նա ընդգծել է, որ խաղաղությունը և երկկողմ հարաբերությունների կարգավորումը համարում է ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհը։
«Այդ խնդիրը միշտ եղել է և այսօր էլ մեր օրակարգում է։ Դիվանագիտական շփումներում մենք մշտապես այդ հարցը բարձրացնում ենք։ Մենք երբեք չենք մոռանում այդ խնդիրը և շարունակելու ենք, ինչ խոսք, մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի գնահատմամբ՝ քաղաքական առաջնորդների պարտականությունն է նաև երկարատև թշնամանքի պայմաններում խաղաղության հասնելու հնարավորություններ գտնելը։





