Հարյուր տարի առաջ, երբ աշխարհում առաջին անգամ նշվեց Կանանց միջազգային օրը, գենդերային հավասարությունը և կանանց դերի գնահատումը արմատական գաղափարներ էին համարվում: Այդ մասին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Հարյուր տարի անց մենք արդեն նշում ենք այն նշանակալից առաջընթացը, որ գրանցվել է նպատակաուղղված քարոզչության, գործնական աշխատանքների և առաջադեմ քաղաքականության շնորհիվ: Այդուհանդերձ, մի շարք երկրներում և հասարակություններում կանայք դեռևս երկրորդ կարգի քաղաքացիներ են համարվում: Տանը և դպրոցում, աշխատավայրում ու համայնքում, լինել կին նշանակում է լինել խոցելի: Հակամարտության գոտիներում կանանց և ամբողջ հասարակությանը ահաբեկելու նպատակով կանխամտածված և համակարգված կերպով սեռական բռնություն է գործադրվում»,- ասվում է Պան Գի Մունի ուղերձում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշում է, որ «Միավորվենք ընդդեմ կանանց դեմ բռնությանը» իր վարած քարոզարշավը Ղեկավար տղամարդկանց ցանցի հետ համատեղ ջանում է վերջ դնել անպատժելիությանը և փոխել կարծրացած մտածելակերպը: «Ներկայումս մեծանում է սեռական ագրեսիան կանխելու և պատժելու վճռականությունը և ավելի շատ քայլեր են ձեռնարկվում ի կատար ածելու Անվտանգության խորհրդի կանանց, խաղաղության և անվտանգության մասին շրջադարձային 1325 բանաձևը, որն ընդգծում է խաղաղության հաստատման և պահպանման հարցում կանանց ներգրավվածության կարևորությունը»,- ընդգծում է նա:
Պան գի Մունի համոզմամբ, կանանց և երեխաների առողջության բնագավառը ևս հրատապ առաջընթացի կարիք է զգում: « Երկրների մոտ 10%-ի ղեկավարները կանայք են: Սակայն անգամ այն երկրներում, որտեղ կանայք քաղաքական գործունեություն են ծավալում, նրանց հետ հաճախ հաշվի չեն նստում այլ բնագավառների որոշումների կայացման հարցում, ներառյալ` բիզնեսի և արդյունաբերության ոլորտներում: ՄԱԿ-ի վերջին նախաձեռնությունը` Կանանց սատարելու սկզբունքները, որն այժմ որդեգրվել է ավելի քան 130 խոշոր կազմակերպությունների կողմից, հետամուտ է շտկելու այս անհամաչափությունը:
Այս տարի մեկնարկած ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց սատարելու գործերով զբաղվող ՄԱԿ-ի կանանց հարցերի միավորն ի ցույց է դնում այս օրակարգն ընդլայնելու մեր մտադրությունը»,- ընդգծել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:





