Ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանի մշտական բնակչության թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ հասել է 3 միլիոն 111 հազար 200-ի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 20,700-ով։
Բնակչության թվաքանակի դրական փոփոխություն է արձանագրվել և՛ քաղաքներում, և՛ գյուղական բնակավայրերում։ Մասնավորապես, քաղաքային բնակչությունն աճել է 9 հազար 400-ով՝ հասնելով 1 միլիոն 986 հազար 800 մարդու։ Գյուղական բնակավայրերում բնակիչների թիվն ավելացել է 11 հազար 300-ով՝ կազմելով 1 միլիոն 124 հազար 400 մարդ, հայտնում է Radar.am-ը:
Բնակչության թվի առավել զգալի աճ է արձանագրվել Երևանում։ Մայրաքաղաքի բնակիչների թվաքանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է 6 հազար 700-ով, ինչի արդյունքում Երևանի մշտական բնակչությունը հասել է 1 միլիոն 151 հազար 400-ի։
Հայաստանի մարզերի շրջանում բնակչության թվաքանակի աճով առանձնացել է Կոտայքի մարզը։ Այստեղ գրանցվել է 4 հազար 500 մարդու ավելացում, և մարզի բնակչության ընդհանուր թիվը կազմել է 300 հազար 600։
Այդուհանդերձ, հանրապետության ոչ բոլոր մարզերում է բնակչության աճ արձանագրվել։ Առանձին մարզերում գրանցվել է բնակիչների թվի կրճատում։ Առավել մեծ նվազում է արձանագրվել Վայոց ձորի մարզում, որտեղ մեկ տարվա ընթացքում բնակչությունը պակասել է 300 մարդով՝ հասնելով 49 հազար 300-ի։ Բնակչության թվաքանակի նվազում է գրանցվել նաև Լոռու մարզում, որտեղ բնակիչների թիվը կրճատվել է 200-ով։





