AM
14 Նոյեմբեր 2026 - 16:38 AMT

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտել Սամվել Կարապետյանի կալանավորման առնչությամբ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ԵԽԽՎ-ում, 107 պատգամավոր ներկայացնող «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ լուրջ մտահոգություն արտահայտելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանքի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքը:

«Պատգամավորները հաստատել են կալանքի ուղղակի կապը սահմանադրական փոփոխություններին նրա ընդդիմադիր դիրքորոշման հետ։ Արձանագրվել են նաև Հայաստանում երեք ընդդիմադիր առաջնորդների միաժամանակյա կալանավորումը և ընտրովի քաղաքական հետապնդումները։

Վկայակոչելով ԵԽԽՎ՝ 2026 թվականի սեպտեմբերյան զեկույցում արձանագրված ընտրովի քաղաքական հետապնդման դիրքորոշումները, իշխանություններին կոչ է արվել պահպանել իրավունքի գերակայության սկզբունքը»,-ասվում է գրառման մեջ:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կալանավորվել է, այս անգամ՝ 1 ամսով։ Ըստ նախաքննության՝ Ս.Կ.-ի (գործարար Սամվել Կարապետյանի՝ խմբ․) կազմակերպմամբ մի խումբ անձինք 2016-2024 թվականներին ենթադրաբար իրականացրել են մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահման չորս դրվագ, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության և փողերի լվացման գործողություններ։

Նոյեմբերի 4-ի երեկոյան ընդդիմադիրները հավաքվել էին քննարկման «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տանը, որն այդ պահի դրությամբ ձերբակալված էր: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպումից մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ ուժերը միասնական հայտարարություն են ընդունել: Նրանք հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին: