Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունները, հայտնում է Factor․am-ը:
Թե ինչ հիմքով են ներկայացվել միջնորդություններ, ԲԴԽ-ն չի մանրամասնում։ Գլխավոր դատախազությունը ևս տեղեկություններ չի տրամադրում:
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ 2 դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Դատախազությունը 2 միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,- ասել են Դատախազությունից։





