ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ։ Քաղաքացիները iMessage համակարգի միջոցով շարունակում են ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։ Դրանք հիմնականում ուղարկվում են օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող հղումներ, որոնց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել անձնական և բանկային տվյալներ՝ գումար հափշտակելու նպատակով, հայտնում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը:
«Կրկին հորդորում ենք․
- Մի՛ բացեք կասկածելի հղումները։
- Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։
- Արգելափակեք ուղարկողին և հաղորդագրությունը նշեք որպես անցանկալի (Spam/Junk)։
- Տվյալների փոխանցման կամ կասկածելի գործողությունների դեպքում անմիջապես կապ հաստատեք բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պետական մարմնի անվանման օգտագործումը չի նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։
ՆԳՆ-ն հորդորում է տեղեկատվությունը ստուգել միայն պաշտոնական աղբյուրներով։





