AM
16 Նոյեմբեր 2026 - 13:50 AMT

Ավինյանը՝ քննադատներին․ Շատ տարբեր մարդիկ, ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ խոսել է մայրաքաղաքի երթևեկության վիճակի մասին և արձագանքել տարբեր գնահատականներին և քննադատություններին:

Նա նշել է, որ շատ տարբեր մարդիկ, ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը, հայտնում է Panorama.am-ը:

«Սա լավ առիթ է մեր տրանսպարտային իրավիճակի և ընթացիկ վիճակի մասին խոսելու, որովհետև շատ տարբեր թեզեր են պտտվում Երևան քաղաքում երթևեկության խնդիրների վերաբերյալ և կարծում եմ այդ թեզերին անդրադառնալու կարիք կա, որովհետև, եթե մենք չենք անդրադառնում այդ թեզերին, անդրադառնում են շատ տարբեր մարդիկ, ովքեր իրապես, ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»,- ասել է Ավինյանը

Նա պնդել է, որ 2016 թվականի համեմատ մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները կրկնապատկվել են, նախկին 12 մլն ուղևորների փոխարեն այսօր 23 մլն-ի են հասել:

Ավինյանը պնդել է, որ Երևանում հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումները նույնպես ավելացել են և օրական ունեն 530 հազար վալիդացիա, մետրոպոլիտենի հետ միասն, որը 10 տարի առաջվա տվյալներով 60-70 %-ով աճել է։

Ավինյանի ներկայացմամբ՝ մայրաքաղաքի վերգետնյա հանրային տրանսպորտում ևս ուղևորափոխադրումների աճ է արձանագրվել։ Մետրոպոլիտենի տվյալները ներառյալ՝ օրական գրանցվում է շուրջ 530 հազար վալիդացիա։ Քաղաքապետը նշել է, որ տասը տարի առաջվա ցուցանիշների համեմատ հանրային տրանսպորտով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալն ավելացել է մոտ 60-70 տոկոսով։

«Երևանում ավելացել են ավտոմեքենաները՝ էքսպոնենցիալ տեմպով, և ավելացել են մի պարզ պատճառով, որովհետև ՀՀ-ում տնտեսությունը աճում է, համախառն ներքին արդյունքը ավելանում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում, և, այո, գնում են մեքենա»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը։

Ավինյանը ժխտել է, որ նոր շենքերն ու շինթույտվություններն ազդում են երթևեկության վրա։

«Այդ շենքերում ավտոմատ կերպով ավտոմեքենան չեն հայտնվում, այլ այն ժամանակ, երբ մարդիկ աշխատում են գումար և գնում մեքենաներ և հին բնակարանից, որտեղ ավտոկայանատեղի չունեին, տեղափոխվում են նոր բնակարան, որն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի:

Շենքերը չեն, որ բերում են շարժունակության և նոր շենքերը չեն, որ բերում են նոր մարդկանց։ Նոր մարդիկ մեծամասամբ տեղափոխվում են պատերազմի պատճառով, որը տեղի է ունենում հյուսիսում, և ԼՂ-ից տեղահանված հազարավոր ընտանիքներ, որոնք այսօր ապրում են Երևանում», հայտարարել է Ավինյանը:

Նա պնդել է, որ եթե շինարարությունը դանդաղեցնեն՝ «անշար գույքի շուկան Մայամիի գներին կհասնի», և քաղաքապետարանը 2022 թվականին այդ շենքերի կառուցումից ստանում է տուրքեր, որոնք ուղղում է բակային խաղահրապարակներին և կանաչապատմանը;

Քաղաքապետն ընդունել է, որ խնդիրը գնալով ծանրանում է, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Ունենք մի քանի շերտանի խնդիրներ։ Խնդիր առաջին՝ Երևանում մարդատար ավտոմեքենաների քանակն էքսպոնենցիալ աճում է տարեցտարի։ Չկան սահմանափակումներ։ Չկան սահմանափակումներ հին տարեթվի ավտոմեքենաների համար, չկան սահմանափակումներ մեքենաների համար, որոնց արտանետումները վախենալու չափի են»,- նշել է քաղաքապետը։

Ըստ քաղաքապետի՝ առաջին հարցը, որը պետք է քննարկել, Երևանում մեքենաների քանակի սահմանափակումն է։

«Եթե մեզ ասեն՝ էլի սահմանափակումների մասին եք խոսում, ես ուզում եմ պնդել՝ այսօր մենք ապրում ենք սահմանափակումների պայմաններում, որովհետև այս քանակի մեքենաները բոլորիս սահմանափակել են։ Եվ ամենավատը՝ սահմանափակել են հանրային տրանսպորտը, որովհետև հանրային տրանսպորտը վատ չի աշխատում, որովհետև ավտոբուսներն ու տրոլեյբուսները քիչ են, այլ հանրային տրանսպորտը խնդիրներ է ունենում այն ժամերին, երբ մարդատար մեքենաների քանակով մենք ահռելի ծածկույթ ենք ապահովում, ու պիկ ժամերին մեր հանրային տրանսպորտը չի կարող հասնել կանգառ»,- պարզաբանել է նա։

Քաղաքապետի խոսքով՝ հանրային տրանսպորտի աշխատանքի խափանումները պայմանավորված չեն միայն ավտոբուսների կամ տրոլեյբուսների քանակով։ Նա շեշտադրել է հատկապես երթևեկության առավել ծանրաբեռնված ժամերին առաջացող խցանումների ազդեցությունը, որոնց հետևանքով հասարակական տրանսպորտային միջոցները դժվարությամբ են հասնում կանգառներ և չեն կարողանում ապահովել նախատեսված հաճախականությամբ երթևեկությունը։

Ըստ Տիգրան Ավինյանի՝ երկրորդ խնդիրը մեքենա վարելու մշակույթն է:

«Ավտոմեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է, և մենք պետք է այս մասին խոսենք»,-ասել է նա:

Նա անդրադարձել է նաև պարեկային ծառայության գործառույթներին՝ շեշտելով, որ նրանց ավելորդ գործառույթներ են վերապահվել, և պահանջում են արդյունք:

«Մեղավորներ փնտրելը միշտ հեշտ է, իմ տեսանկյունից էլ երևի ամենահեշտը կարելի է ասել՝ «պարեկայինը»։ Բայց պարեկային ծառայությունը մեղավորություն չունի։ Ինչքանով մենք ծանրաբեռնել ենք նրանց անիմաստ ֆունկցիաներով, իրենք էլ իրենց՝ օրենսդրությամբ նախատեսված ֆունկցիաներն են անում»,-ասել է Ավինյանը:

Ավինյանին քննադատողների թվում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ «մայրաքաղաքի A կետից C կետ հասնելու համար պահանջվում է տիեզերագնացի առողջություն»: ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը կիսվել էր նրա տեսանյութով:

«Բայց կան մարդիկ, ում համար այս հարցի պատասխանը վաղուց գտած լինելն աշխատանքային պարտականություն է։ Ճիշտ է, ակնհայտորեն մի քիչ ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերությունների շինթույլտվություն տալը։ «Թույլատրվում է», մի կախարդական մակագրություն, որի համար այնքան քիչ ջանք է հարկավոր, և որն այնքան մեծ ազդեցություն ունի»,-ասել է Հակոբյանը։