AM
16 Նոյեմբեր 2026 - 16:35 AMT

Բարձր որակավորում ունեցողների համար առաջարկվում է զորակոչի տարիքային շեմը հասցնել 32-ի

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է բարձր մասնագիտական ներուժ ունեցող անձանց համար զորակոչի վերին տարիքային շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Ներկայացնելով նախագիծը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի կատարված համապատասխան լրացումների արդյունքում հնարավորություն էր տրվել աշխարհի հեղինակավոր լավագույն 50 բուհերում կրթություն ստացած քաղաքացիներին ուսումնառությունից հետո աշխատանքի անցնել Կառավարության սահմանված կարգով ու պայմաններով։

Կառավարության կողմից հաստատված ոլորտները, որոնցում կարող են ընդգրկվել այդ քաղաքացիները, 7-ն են՝ հանրային կառավարում, պետական մարմիններ (գործադիր, օրենսդիր և դատական), կրթական և գիտական հաստատություններ, ռազմարդյունաբերություն, բարձր տեխնոլոգիաներ, արդյունաբերություն (ներառյալ թեթև արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը և էներգետիկ ուղղությունները), ինչպես նաև առողջապահություն և ֆինանսական ուղղություններ։

Ժաննա Անդրեասյանի խոսքով առաջին անգամ հոկտեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում այդ քաղաքացիները հնարավորություն ունեին դիմումներ ներկայացնելու։ Ըստ նրա՝ 40 քաղաքացիներից, ովքեր ավարտել էին ուսումնառությունը և կարող էին անցնել աշխատանքային գործընթացի, արդեն 21-ը դիմել են։

Զեկուցողը նշել է, որ օրենքի գործարկման ընթացքում ի հայտ է եկել մեկ սահմանափակում, որը կարող է խոչընդոտել ծրագրի ամբողջական իրականացմանը. խոսքը տարկետման զորակոչի ենթակա լինելու տարիքային վերին շեմի մասին է։ Ասպիրանտուրայում կամ մագիստրատուրայում սովորող որոշ քաղաքացիների՝ ուսումնառությունից հետո 3 տարի աշխատելու ընթացքում լրանում է 27 տարեկանը, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում լիարժեքորեն օգտվել տարկետման այս իրավունքից։

Ելնելով վերոնշյալ խնդրից՝ օրենքի նախագծով առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային վերին շեմը միայն այս խմբի քաղաքացիների համար սահմանել 32 տարեկանը։ Նախագիծն արդեն շրջանառված է, համապատասխանաբար քննարկվել ու հիմնավորվել է, և ակնկալվում է, որ այն հնարավորություն կտա ծրագիրն ավելի ամբողջական ու արդյունավետ իրականացնել։