Հայաստանում 2027-ի հունվարի 1-ից նախատեսվում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկել ևս մոտ 350 հազար քաղաքացու՝ սահմանելով ապահովագրավճարների համաֆինանսավորման նոր մեխանիզմ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է առաջարկվող կարգավորումների հիմնական դրույթները՝ տեղեկացնելով, որ 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում նախատեսվում է ընդգրկել նաև ամսական մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին։
Նախարարի տեղեկացմամբ առաջին տարում ապահովագրավճարը կսուբսիդավորվի․ ամսական 10,800 դրամից 4400 դրամը կվճարի պետությունը՝ որպես սուբսիդիա, 4400 դրամը՝ գործատուն։ Քաղաքացին կվճարի մնացած 2000 դրամը։ Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ առաջարկը քննարկվել է գործատուների հետ, քննարկումները մեծամասամբ դրական են եղել։
Նախարարի խոսքով փոփոխություն է իրականացվում նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ իրականացնող քաղաքացիների համար։ Նման զբաղվածություն ունեցող քաղաքացիները պատրաստակամություն են հայտնել վճարել 10,800 դրամ ապահովագրավճարը և ընդգրկվել համակարգում։
«Էլեկտրոնային հարթակների շրջանակում մենք նաև որոշակի շեմ ենք դրել․ վարորդը պետք է 2 տարի միացած լինի էլեկտրոնային հարթակին և վերջին տարվա ընթացքում ամսական նվազագույն աշխատավարձի չափ շրջանառություն ունենա»,- պարզաբանել է նախարարը։
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն։





