Երևանում նախատեսվում է հիմնել «Երևանի սոցիալական ծառայությունների կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ)։ Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկվել է Երևանի ավագանու նոյեմբերի 17-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում։
Նոր կառույցի հիմնական առաքելությունը լինելու է սոցիալական դժվարությունների բախված քաղաքացիների և ընտանիքների կարիքների բացահայտումն ու նրանց անհրաժեշտ մասնագիտական աջակցության տրամադրումը, հատնում է Factor.am-ը:
«Երևան համայնքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների սոցիալական կարիքների բացահայտումը, նրանց հասցեական ու համալիր սոցիալական, իրավաբանական և հոգեբանական ծառայությունների տրամադրումը, ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանն ուղղված աջակցությունը, ինչպես նաև անձանց և ընտանիքների սոցիալական իրավունքների իրացման ու հասարակական կյանքին լիարժեք մասնակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը»,- ասված է որոշման նախագծում։
Ներկայացված փաստաթղթով նախատեսվում է, որ կենտրոնը քաղաքացիներին կմատուցի սոցիալական, իրավաբանական և հոգեբանական բնույթի ծառայություններ։ Միաժամանակ կառույցը կաջակցի կյանքի ճգնաժամային իրավիճակներում հայտնված անձանց՝ նպաստելով առաջացած խնդիրների հաղթահարմանը։
Կազմակերպության առաջնահերթ շահառուները լինելու են սոցիալապես առավել խոցելի խմբերի ներկայացուցիչները։ Մասնավորապես, կենտրոնի ծառայություններից կկարողանան օգտվել տարեցները, հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքները։ Նախատեսվում է իրականացնել նրանց անհատական կարիքների գնահատում և դրա հիման վրա կազմակերպել համապատասխան աջակցություն։
Նոր կենտրոնի աշխատանքը չի սահմանափակվելու միայն սոցիալական օգնության տրամադրմամբ։ Ծրագրով նախատեսվում են նաև հասարակության մեջ շահառուների ներառմանը, ինքնուրույն կյանքի կազմակերպմանը և անկախ կենսագործունեության համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներ։
Առանձին ուղղություն է լինելու հոգեբանական աջակցությունը։ Կենտրոնը շահառուների և նրանց ընտանիքների անդամների համար կապահովի անհատական ու խմբային հոգեբանական խորհրդատվություն, անհրաժեշտ աջակցություն և վերականգնողական ծառայություններ։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ ընդգծվել է, որ նման կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է Երևանում համայնքային մակարդակով մատուցվող սոցիալական ծառայությունները միասնական համակարգում կենտրոնացնելու պահանջից։ Նպատակն է նաև բնակչության համար գործող ծառայություններն ավելի հասանելի դարձնելը և սոցիալական աջակցության տարբեր ծրագրերի համակարգումն առավել արդյունավետ կազմակերպելը։
Փաստաթղթում արձանագրվել է, որ ներկայում սոցիալական, հոգեբանական, իրավաբանական և այլ բնույթի աջակցությունը մեծ մասամբ իրականացվում է հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններով ու միջազգային ծրագրերի միջոցով։ Սակայն այդ ծրագրերի ավարտից հետո հաճախ առաջանում է մատուցվող ծառայությունների անընդհատությունն ու երկարաժամկետ կայունությունն ապահովելու խնդիր։
«ՀՈԱԿ-ի ստեղծմամբ ամրագրվում է երկարաժամկետ ռազմավարական գործունեություն՝ ուղղված սոցիալական ծառայությունների ոլորտում առկա կարիքների և անջրպետների շարունակական գնահատմանը, դրանց վերացմանն ու ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի և ժամանակակից մոտեցումների կիրառմամբ ծառայությունների զարգացմանն ու կատարելագործմանը»,- նշված է նախագծում։
Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսվում է ձևավորել 7 անդամ ունեցող կառավարման խորհուրդ, որի լիազորությունների ժամկետը սահմանվելու է երեք տարի։ Խորհրդի կազմում ներկայացված կլինեն համայնքային կառույցի աշխատակազմի և քաղաքապետի ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ոլորտում մասնագիտացած փորձագետներ։
Կենտրոնի գործունեության ֆինանսավորումն իրականացվելու է մի քանի աղբյուրներից։ Հիմնական միջոցները նախատեսվում է հատկացնել պետական և համայնքային բյուջեներից։ Բացի այդ, կառույցը կարող է ֆինանսավորում ստանալ իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր ներդրումներից, նվիրատվություններից, ինչպես նաև տեղական ու միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհներից։





