Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպմանը և ելույթ ունեցել «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության հանձնառությունների առաջմղում» թեմայով քննարկման ընթացքում։
Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին անդրադառնալիս Միրզոյանն իր խոսքում անդրադարձել է հիբրիդային սպառնալիքներին, այդ թվում՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտության փորձերին, որոնք միտված են ինքնիշխանության թուլացմանը, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության խաթարմանը:
Դրանց դիմակայելու հարցում ընդգծվել է համախոհ գործընկերների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը և այդ ուղղությամբ գործընկերների հետ համատեղ աշխատանքը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը։
Նախարարն անդրադարձ է կատարել 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին և արդեն իսկ ձևավորվող տնտեսական կապերին՝ որպես հաստատված խաղաղության անմիջական օգուտներ։
Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման և սահմանի բացման ուղղությամբ շարունակվող ակտիվ երկխոսությանը։





