AM
17 Նոյեմբեր 2026 - 11:59 AMT

ՔՊ պատգամավորները Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են ԵՄ վիզաների ազատականացումը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները Հայաստանի Ազգային ժողովում հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ, քննարկել հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների զարգացումը, Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընդլայնումը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացը։

ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի նշանակության վրա։ Նա ընդգծել է այդ ուղղությամբ աշխատանքների առաջմղման անհրաժեշտությունը՝ ակնկալելով, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին նշված գործընթացում։

Անդրադառնալով խորհրդարանական մակարդակով երկկողմ համագործակցությանը՝ նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների բարեկամական խմբերի միջև փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև փոխադարձ այցելությունների շարունակականությունը։

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի եվրոպական ձգտումներին և Եվրամիության հետ հարաբերությունների խորացման հեռանկարներին։ Պատգամավորները կարևորել են հայ-ֆրանսիական համագործակցության չօգտագործված հնարավորությունները՝ հատկապես տնտեսության, զբոսաշրջության և միջտարածաշրջանային փոխգործակցության ոլորտներում։

Հանդիպման օրակարգում տեղ է գտել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը։ Այս համատեքստում ներկայացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացումը։

Հանդիպմանը մասնակցել են ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, ինչպես նաև պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը և Արման Եղոյանը։