AM
17 Նոյեմբեր 2026 - 10:34 AMT

Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Գործարար, բարերար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին տեղեկացրել է Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը, հայտնում է «Փաստինֆոն»:

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ին որոշել է Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել մեկամսյա կալանավորումը։

Ներկայացված բողոքում պաշտպանական կողմը կասկածի տակ է դրել ինչպես հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ կալանավորումը հիմնավորող հանգամանքները։ Փաստաբան Արմեն Ֆերոյանը պնդել է, որ Կարապետյանի արարքներում հանցագործության որևէ հատկանիշ առկա չէ։

Անդրադառնալով ենթադրաբար պատճառված 64 մլրդ դրամի վնասի մասին տեղեկություններին՝ պաշտպանն ընդգծել է, որ այդ պնդումներով փորձ է արվում մանիպուլացնել հանրությանը։ Նրա գնահատմամբ՝ ներկայացվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ավելին, Ֆերոյանի խոսքով՝ անգամ եթե ծայրահեղ դեպքում նման վնասի առկայությունը հաստատվի, դրանից տուժած միակ անձը կարող է լինել հենց Սամվել Կարապետյանը, այլ ոչ թե որևէ մեկը։

«Դրանից է ակնհայտ, որ այդ ամենը կրում է ծայրահեղ ապօրինի բնույթ»,- ասել է փաստաբանը։

Կալանավորման հիմքերի վերաբերյալ պաշտպանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դատարանը հաստատված է համարել բացառապես վարույթին խոչընդոտելու հավանականությունը։ Սակայն պաշտպանական կողմն այդ հիմնավորումը նույնպես վիճարկել է։

Բացի այդ, Արմեն Ֆերոյանը նշել է, որ գործող օրենսդրությունը չի նախատեսում այնպիսի ընթացակարգ, որով տնային կալանքի տակ գտնվող անձին հնարավոր լինի ձերբակալել ազատության մեջ գտնվող անձի համար նախատեսված կարգով, այնուհետև կրկին կալանավորել։ Պաշտպանի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում Սամվել Կարապետյանի մասնակցությամբ որևէ վարութային գործողություն չի իրականացվել։

Նոյեմբերի 4-ին վաղ առավոտից Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում, ինչպես նաև՝ ավելի քան 60 հասցեներում խուզարկություններ են իրականացվում՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Խոսքը ՀԷՑ-ում ենթադրյալ ենթադրյալ հափշտակության մասին է, ըստ հաղորդագրության, ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս։ Քրեական վարույթով 9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ին հրապարակել է Կարապետյանին մեկ ամսով կալանավորելու որոշումը։