AM
17 Նոյեմբեր 2026 - 10:53 AMT

Շարմազանովը՝ Մոսկվայում․ Արցախի ղեկավարությունն ապօրինի պահվում է ադրբեջանական բանտերում

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում կազմակերպված «Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովում ընդգծել է, որ ազգի իսկական ազատությունը սեփական ինքնությունը պահպանելու իրավունքն է, որը հավասարապես պատկանում է նաև Արցախի ժողովրդին։ Նա հիշեցրել է, որ այսօր միջազգային իրավունքը կիրառվում է ընտրովի

«Այսպես, Արցախի բնակիչները ենթարկվել են էթնիկ զտման և ստիպված են եղել լքել իրենց հայրենի հողը, իսկ Արցախի ղեկավարությունն ապօրինի պահվում է ադրբեջանական բանտերում։ Նրանց ազատության համար պայքարը յուրաքանչյուրի պարտքն է, ով հավատում է արդարությանը և պայքարում դրա ցանկացած դրսևորման դեմ»,– հայտարարել է Շարմազանովը, հայտնում է Sputnik Արմենիան:

Միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչության ղեկավար Իվետա Տոնոյանը։ Նա հանդես է եկել ելույթով «Ընտրական նեոգաղութատիրություն․ աշխարհի երկրների քաղաքական ինքնիշխանության ամրապնդումը և ժողովրդավարական գործընթացների անաչառ գնահատման մեխանիզմների ստեղծումը» թեմայով կազմակերպված զուգահեռ քննարկման ընթացքում։

Իր ելույթում Տոնոյանը հատկապես կարևորել է Հայաստանում ժողովրդավարական արժեքների պահպանման, քաղաքական ազատությունների ապահովման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության առնչությամբ առկա լուրջ մտահոգությունները։

Նա անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական առաջնորդների կալանավորման դեպքերին, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, որն անհիմն է որակել։ Տոնոյանն ընդգծել է, որ նման զարգացումները հակասում են ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքներին։

«Համոզված եմ, որ ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ։ Եվ ինչպես նշել եմ իմ ելույթում՝ ազգերի ազատության հիմքում մարդու ազատության նկատմամբ հարգանքն է։ Պետության ազատությունը սկսվում է հենց մարդու ազատությունից»,– հայտարարել է նա։

«Հանուն ազգերի ազատության» միջազգային համաժողովը ձևավորվել է 2024 թվականին՝ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ։ Այն գործում է որպես միջազգային քաղաքական հարթակ և շարժում՝ իր շուրջ համախմբելով Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի մոտ 50-60 պետությունների քաղաքական կուսակցությունների ու հասարակական-քաղաքական շարժումների ներկայացուցիչների։

Նախաձեռնության հիմնական նպատակը մասնակիցների ջանքերի միավորումն է՝ հակազդելու այսպես կոչված «արևմտյան հեգեմոնիային», պատժամիջոցների կիրառման քաղաքականությանը, ինչպես նաև ֆինանսական, տեղեկատվական և «էլեկտորալ նեոգաղութատիրության» դրսևորումներին։ Վերջին հասկացությամբ մասնավորապես բնորոշվում են ընտրական գործընթացների նկատմամբ արտաքին միջամտության տարբեր ձևերը։