AM
17 Նոյեմբեր 2026 - 16:57 AMT

Ալիկ Սարգսյանի հետ կապվող ընկերության ավելի քան 1054 հա հողատարածք կվերադարձվի պետությանը

Արարատի մարզում գտնվող ավելի քան 1054 հեկտար ընդհանուր մակերեսով չորս հողատարածք կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

Արարատի մարզի դատախազության ներկայացրած հայցը բավարարվել է, ինչի արդյունքում պետության տիրապետմանը կվերադարձվեն «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարիներ առաջ տրամադրված հողատարածքները։

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ խոսքը 1054.2 հեկտար ընդհանուր մակերեսով չորս հողամասերի մասին է, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 3 միլիարդ 627 միլիոն դրամ։

Դատարանն անվավեր է ճանաչել նշված հողատարածքների տրամադրման նպատակով անցկացված մրցույթները, դրանց հիման վրա կնքված վարձակալության պայմանագրերը, ինչպես նաև հողամասերի նկատմամբ իրականացված իրավունքների պետական գրանցումները։

Դատախազությունը դեռևս 2025 թվականի նոյեմբերի 11-ին տեղեկացրել էր Արարատի մարզում գտնվող մեկ այլ խոշոր հողատարածքի՝ Հայաստանի Հանրապետությանը վերադարձվելու մասին։

Այդ դեպքում խոսքը վերաբերում էր մոտ 5330 հեկտար մակերեսով հողատարածքի, որը տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել էր «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը։ Վերադարձված գույքի արժեքը գնահատվել է 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլար։

Գլխավոր դատախազությունը շարունակել է ուսումնասիրել նույն ընկերությանը տրամադրված հողատարածքների ձեռքբերման և օգտագործման իրավունքների օրինականությունը։ Ուսումնասիրությունների ընթացքում իրավապահ մարմինը բացահայտել է նաև մի շարք այլ ենթադրյալ խախտումներ։

Գերատեսչության ներկայացրած տվյալների համաձայն՝ Արարատի մարզպետի պաշտոնը 2008-2010 թվականներին զբաղեցրած Վարդգես Հովակիմյանը, գերազանցելով իր պաշտոնեական լիազորությունները, կազմակերպել է բնապահպանական նշանակության հողատարածքների տրամադրումը «Կենդանիների աշխարհ» ընկերությանը։

Դատախազության պնդմամբ՝ այդ գործողությունների նպատակը եղել է 2006 թվականին տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի, նույն ժամանակահատվածում Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Մախսուդյանի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Ա.Ս.-ի համար ցանկալի արդյունքի ապահովումը։

Ըստ իրավապահ մարմնի՝ ձևական մրցույթի միջոցով ընկերությանը 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով հատկացվել են Արարատի մարզի վարչական սահմաններում գտնվող բնապահպանական նշանակության չորս հողամասեր՝ ընդհանուր 1054.95 հեկտար մակերեսով։

Դատախազության գնահատմամբ՝ հողատարածքների տրամադրման գործընթացն իրականացվել է պաշտոնեական լիազորությունների սահմանազանցմամբ և մրցութային ընթացակարգերի խախտումներով։

Նշվում է նաև, որ 2026 թվականի օգոստոսի 10-ին դատախազությունը համապատասխան հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության։

Հայցով պահանջվել է անվավեր ճանաչել 1054.95 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերի վերաբերյալ 2009 թվականի նոյեմբերի 23-ին անցկացված մրցույթը և կիրառել անվավերության իրավական հետևանքները։ Դատարանը բավարարել է Արարատի մարզի դատախազության ներկայացրած պահանջը։