Սյունիքի մարզի Շաքի բնակավայր ներխուժած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Նասիմի Մուսաևը Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանի ուղղությամբ ինքնաձիգից 6 կրակոց է արձակել, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել: Այդ մասին հայտնի է դարձել հրապարակված մեղադրական եզրակացությունից, գրում է Factor.am-ը:
Ըստ մեղադրանքի՝ փամփուշտներից մեկը վնասել է կնոջ ձախ ազդրը՝ առաջացնելով միջանցիկ հրազենային վիրավորում։
Մեղադրական եզրակացության մեջ ներկայացված են նաև ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու, ապօրինի զենք կրելու, բնակարան մուտք գործելու, գույք հափշտակելու և բնակիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները։
Նշվում է, որ Նասիմի Մուսաևը, լինելով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, 2026 թվականի հունվարի 28-ից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել Ադրբեջանի զինված ուժերի թիվ 777 զորամասում։
Ծառայողական պարտականությունների կատարման նպատակով նրա տրամադրության տակ է գտնվել 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի՝ MM 5087 գործարանային համարով ինքնաձիգ։ Նա ունեցել է նաև 7․62 մմ (7․62×39) տրամաչափի 140 մարտական փամփուշտ, տասը անգնդակ փամփուշտ և մեկ սվին-դանակ։
Մեղադրանքի համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-22։00-ն ընկած ժամանակահատվածում, Մուսաևը ծառայություն է իրականացրել Ադրբեջանի Լաչինի շրջանում տեղակայված թիվ 29 մարտական դիրքում։
Հենց այդ ժամանակահատվածում նա հատել է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով ապօրինի մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն։
«Միաժամանակ, Ն.Մուսաևը վերոհիշյալ հրազենը, ռազմամթերքը և սառը զենք հանդիսացող սվին դանակը, դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը խախտելով, առանց մաքսային հսկողության ՀՀ պետական սահմանով տեղափոխել է ՀՀ տարածք։ Ն.Մուսաևը, 2026 թվականի սեպտեմբերի 26-ին ապօրինի հատելով ՀՀ պետական սահմանը և մուտք գործելով ՀՀ տարածք, չունենալով համապատասխան թույլտվություն, ՀՀ տարածքում ապօրինի պահել և կրել է իր մոտ գտնվող՝ 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի, MM 5087 գործարանային համարով ինքնաձիգը և 7․62 մմ (7,62×39) տրամաչափի ռազմամթերքը, ինչպես նաև ապօրինի կրել է սառը զենք հանդիսացող սվին-դանակը։ ՀՀ տարածք մուտք գործելուց հետո Ն.Մուսաևը հասել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, որտեղ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, անտեսելով նույն բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տան բնակիչների կամքը, ապօրինի մուտք է գործել նշված բնակարան»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ։
Նա սենյակներից մեկի մահճակալից գաղտնի վերցրել է 12 հազար դրամ արժողությամբ «Xiaomi» ապրանքանիշի բջջային հեռախոս, հինգ հազար դրամ գնահատված արժեքով խելացի ժամացույց և մեկ տաբատ։ Բացի այդ, հյուրասենյակից հափշտակել է ինը հազար դրամ և մեկ բանկային քարտ, իսկ տան մուտքի դռան մոտից տարել է տարբեր տեսակների երկու ձախ կոշիկ։
Մեղադրանքի համաձայն՝ այդ գործողություններով առանձնատան փաստացի սեփականատեր Անի Ավետիսյանին պատճառվել է ընդհանուր 26 հազար դրամի գույքային վնաս։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, տուն են վերադարձել այնտեղ բնակվող անչափահասներ Ռոզի և Քաջիկ Ավետիսյանները։
Քննչական մարմնի ներկայացրած հանգամանքներով՝ զինված Մուսաևը սպառնացել է երեխաներին, պարտադրել նստել հյուրասենյակի բազմոցին և իրեն հանձնել բջջային հեռախոսները։
Այդպիսով, ըստ մեղադրանքի, նա սահմանափակել է անչափահասների ազատ տեղաշարժվելու հնարավորությունը՝ նրանց կամքին հակառակ պահելով առանձնատան ներսում։
Մեղադրական եզրակացության մեջ նկարագրվում է նաև այն պահը, երբ երեխաների մայրը տեղեկացել է տանը զինված անձի ներկայության մասին։
«Մուսաևը երեխաներին պարտադրել է գտնվել բնակարանի հյուրասենյակի իր մատնանշած վայրում՝ զրկելով առանձնատնից դուրս գալու, ազատ տեղաշարժվելու և գտնվելու վայրը սեփական կամքով որոշելու հնարավորությունից՝ նրանց կամքին հակառակ ապօրինաբար զրկելով ազատությունից։ Այդ ընթացքում Անի Ավետիսյանը, դստեր՝ Ռոզի Ավետիսյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցությունից տեղեկանալով, որ բնակարանում զինված մարդ կա, ժամանել է նշված բնակարան»,-ասվում է եզրակացության մեջ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Անի Ավետիսյանի տուն հասնելուց հետո Մուսաևը, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ, գործադրել է ինքնաձիգը։ Նա առանձնատան ներսում վեց անգամ կրակել է կնոջ ուղղությամբ՝ միաժամանակ վտանգի ենթարկելով այնտեղ գտնվող երկու անչափահասների՝ Ռոզի և Քաջիկ Ավետիսյանների կյանքն ու առողջությունը։
Կրակոցների հետևանքով Անի Ավետիսյանը ստացել է բազմաթիվ ծանր մարմնական վնասվածքներ։ Մասնավորապես, արձանագրվել են ձախ ձեռքի բթամատի հիմնային ֆալանգի հատվածից մասնակի անդամահատում, երրորդ և չորրորդ մատների ծայրային ֆալանգների պատռած վերքեր, ոսկրերի եզրային կոտրվածքներ և այրվածք։
Բացի այդ, կնոջ մոտ հայտնաբերվել են աջ նախաբազկի ստորին հատվածի առջևի մակերեսի և ձախ բազկի քերծվածքներ, աջ դաստակի ճանկռվածք ու ձախ նախաբազկի արյունազեղում։
Առավել ծանր վնասվածքներից մեկը ձախ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորումն է եղել։ Այն ուղեկցվել է ազդոսկրի ստորին հատվածի բազմաբեկոր կոտրվածքով, մկանների և նյարդանոթային խրձի վնասմամբ, ինչի հետևանքով առաջացել է ծավալուն արյունահոսություն։
Մեղադրանքի համաձայն՝ կնոջը պատճառված մարմնական վնասվածքները պարունակել են կյանքի համար վտանգավոր ծանր վնասի հատկանիշներ։
Հարձակումից հետո ադրբեջանցի զինծառայողը հեռացել է առանձնատնից և փորձել թաքնվել բնակավայրի մեկ այլ հատվածում։ Նույն օրը նա հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից։
Մուսաևի արձակած կրակոցներից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին նախ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել Սիսիանի բժշկական կենտրոնում։ Այնուհետև նրան տեղափոխել են Երևան՝ մասնագիտացված բժշկական օգնություն կազմակերպելու և բուժումը շարունակելու նպատակով։
Կինը մի քանի վիրահատական միջամտության է ենթարկվել, որից հետո որոշ ժամանակ բուժում է ստացել վերակենդանացման բաժանմունքում։ Բուժող բժիշկները հայտնել են, որ վնասված ոտքի ամբողջական վերականգնման համար անհրաժեշտ կլինեն նաև հետագա փուլային վիրահատություններ։
Ուշագրավ է, որ հրապարակված մեղադրական եզրակացության մեջ մանրամասներ չեն ներկայացվել Անի Ավետիսյանի անչափահաս երեխաների ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ։
Մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ հարձակման հետևանքով վնասվածքներ են ստացել նաև կնոջ 15-ամյա և 12-ամյա երեխաները։
Նասիմի Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի ինը տարբեր հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործի դատական քննությունը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դատավոր Հրաչ Դաջունցին։
Նշվում է, որ հրապարակված մեղադրական եզրակացությունը նոր հարցեր է առաջացրել ադրբեջանական կողմի տեղեկացման ժամկետների վերաբերյալ։
Մեղադրանքի նյութերից հետևում է, որ Մուսաևը Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատել է սեպտեմբերի 26-ին՝ հենց այն օրը, երբ ծառայություն է իրականացրել Լաչինի շրջանում տեղակայված մարտական դիրքում։ Այսինքն՝ ադրբեջանցի զինծառայողը մոտ երեք օր գտնվել է Հայաստանի տարածքում, մինչև սեպտեմբերի 29-ին Բաքուն հայկական կողմին հայտնել է հնարավոր սահմանահատման մասին։
Միաժամանակ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հանրությանը դեպքի վերաբերյալ տեղեկացրել է միայն հոկտեմբերի 1-ին՝ Շաքիում տեղի ունեցած զինված հարձակումից հետո։
Այս հանգամանքները հարցեր են առաջացնում, թե ինչու ադրբեջանցի զինծառայողի հնարավոր ներթափանցման մասին տեղեկատվությունը հանրությանը չի ներկայացվել ավելի վաղ, և ինչ միջոցառումներ են իրականացվել նրան հայտնաբերելու ուղղությամբ՝ մինչև Շաքիում տեղի ունեցած միջադեպը։
Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցման վերաբերյալ հանրությանը հայտնի է դարձել Շաքիում տեղի ունեցած միջադեպի օրը։ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը կապ է հաստատել հայկական կողմի հետ և տեղեկացրել ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողի անհետացման մասին։
Բաքվի փոխանցմամբ՝ զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել էր ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա կարող էր հատած լինել Հայաստանի պետական սահմանը։





