AM
18 Նոյեմբեր 2026 - 10:44 AMT

Առաջարկում է վիրավորանքի համար սահմանել նվազագույնը 1 մլն դրամ փոխհատուցում, զրպարտության համար՝ 2 մլն

Արդարադատության նախարարությունը Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսել է վերանայել վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված վնասի դրամական հատուցման չափերը։

Նախարարության առաջարկած փոփոխություններով նախատեսվում է վիրավորանքի դեպքում փոխհատուցման չափը սահմանել 1-3 մլն դրամ, իսկ զրպարտության պարագայում՝ 2-6 մլն դրամի սահմանում, հայտնում է Factor.am-ը:

Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն՝ վիրավորանքի ենթարկված անձն իրավունք ունի դատական կարգով պահանջելու առավելագույնը 3 մլն դրամ փոխհատուցում, մինչդեռ զրպարտության պարագայում այդ գումարը կարող է հասնել մինչև 6 մլն դրամի։ Ընդ որում, օրենսդրությամբ փոխհատուցման նվազագույն չափեր ամրագրված չեն։

Օրենսդրական նախաձեռնությամբ վերանայման են ենթարկվել նաև անձի հիմնարար իրավունքների խախտման, ինչպես նաև անարդարացի դատապարտման արդյունքում առաջացած ոչ նյութական վնասի փոխհատուցման չափերը։

Մասնավորապես, առաջարկվում է ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի ոտնահարման համար նախատեսել 3-8 մլն դրամի չափով հատուցում։ Մյուս հիմնարար իրավունքների խախտման, ինչպես նաև անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված վնասի դեպքում առաջարկվող գումարը կազմելու է 1-4 մլն դրամ։

Խոշտանգումների արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման համար նախարարությունն առաջարկել է առանձին իրավական կարգավորում։ Նախագծով նախատեսվում է սահմանել առնվազն 4 մլն դրամի փոխհատուցում՝ չնախատեսելով գումարի առավելագույն սահմանափակում։

Այս կարգավորման համաձայն՝ դատարանը կարող է որոշել նաև սահմանված նվազագույն չափը գերազանցող հատուցում՝ գնահատելով խոշտանգման ծանրության աստիճանը և դրա հետևանքով առաջացած վնասը։

Օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ նշվել է, որ առաջարկվող փոփոխություններն ուղղված են պատճառված վնասի ծանրությանը համապատասխան փոխհատուցման ապահովմանը, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։

Միևնույն ժամանակ, արդարադատության նախարարությունը պարզաբանել է, որ փոխհատուցման նվազագույն չափերի ներդրումը չի ենթադրում վիրավորանքի կամ զրպարտության բոլոր դեպքերում դատարանի կողմից պարտադիր դրամական հատուցման նշանակում։

Որպես իրավունքի պաշտպանության առաջնային եղանակներ կարող են կիրառվել տարածված տեղեկությունների հերքումը, հրապարակային ներողություն խնդրելը կամ դատարանի կայացրած ակտի հրապարակումը։

Դրամական հատուցման կիրառումը նախատեսվում է այն իրավիճակների համար, երբ դատարանը կեզրակացնի, որ պաշտպանության մյուս միջոցները բավարար չեն պատճառված վնասը փոխհատուցելու համար։

Նախագծի համաձայն՝ առաջարկվող նոր դրույթները տարածվելու են բացառապես օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցած իրավախախտումների վրա։

Նախագծին կից հիմնավորմամբ նաև արձանագրվել է, որ փոփոխությունների ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ կրճատում չի ակնկալվում։