AM
18 Նոյեմբեր 2026 - 11:31 AMT

Հայաստանի բնակչությունն ավելի քան 3․1 մլն է

2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը հասել է 3 միլիոն 111 հազար 200-ի՝ մեկ տարում ավելանալով 20, 700-ով կամ 0․7%-ով։ Այդ են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Բնակչության աճի զգալի մասը բաժին է ընկնում Երևանին և մայրաքաղաքին հարակից մարզերին։ Միաժամանակ որոշ մարզերում արձանագրվել է բնակչության թվաքանակի նվազում, իսկ հանրապետության բնակչության փոփոխության մեջ առավել նկատելի է դարձել գյուղական բնակչության աճը, գրում է Factor.am-ը:

2026 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ Երևանի մշտական բնակիչների թիվը հասել է 1 միլիոն 151 հազար 400-ի։ Նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ մայրաքաղաքի բնակչությունն ավելացել է 6700-ով։ Այսպիսով, հանրապետությունում արձանագրված 20 հազար 700 մարդու ընդհանուր աճի 32․4%-ն ապահովել է Երևանը։

Դրական փոփոխություններ են արձանագրվել նաև մայրաքաղաքին սահմանակից երեք մարզերում։ Կոտայքի բնակչությունն ավելացել է 4500-ով, Արմավիրինը՝ 4000-ով, իսկ Արարատինը՝ 3100-ով։ Նշված մարզերում բնակչության ընդհանուր աճը հասել է 11 հազար 600-ի՝ կազմելով հանրապետական ցուցանիշի 56%-ը։

Երևանի տվյալները ևս ներառելու դեպքում պարզ է դառնում, որ Հայաստանի բնակչության ընդհանուր ավելացման մոտ 88․4%-ը՝ 18 հազար 300 մարդ, կենտրոնացել է մայրաքաղաքում, Կոտայքում, Արմավիրում և Արարատում։

Միաժամանակ, 2026 թվականին Հայաստանի տասը մարզերից երկուսում մշտական բնակչության նվազում է արձանագրվել։ Վայոց ձորի բնակիչների թիվը պակասել է 300-ով, իսկ Լոռու մարզինը՝ 200-ով։

2025 թվականի հոկտեմբերի 1-ի ցուցանիշների համեմատ 2026 թվականի նույն օրվա դրությամբ Հայաստանի քաղաքային բնակչությունն ավելացել է 9400-ով։ Գյուղական բնակավայրերում աճն ավելի մեծ է եղել՝ կազմելով 11 հազար 300 մարդ։

Այսպիսով, հանրապետությունում բնակչության տարեկան ընդհանուր ավելացման մոտ 54․6%-ն ապահովել են գյուղական բնակավայրերը։

Գյուղական բնակչության ամենախոշոր աճն արձանագրվել է Կոտայքի մարզում, որտեղ բնակիչների թիվն ավելացել է 3100-ով։ Արարատում այդ ցուցանիշը կազմել է 2600, Արմավիրում՝ 2300, Արագածոտնում՝ 900, իսկ Սյունիքում՝ 800 մարդ։

Վայոց ձորը միակ մարզն է եղել, որտեղ գյուղական բնակչության թվաքանակը փոփոխության չի ենթարկվել։ Ընդ որում, Հայաստանի որևէ մարզում գյուղաբնակների թվի նվազում չի գրանցվել։

Քաղաքային բնակչության փոփոխություններն այլ պատկեր են ներկայացրել։ Մայրաքաղաքից բացի, ամենամեծ ավելացումն արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 1700 մարդ։ Կոտայքում քաղաքաբնակների թիվն աճել է 1400-ով, Արարատում՝ 500-ով, Սյունիքում՝ 400-ով, իսկ Արագածոտնում՝ 100-ով։

Գեղարքունիքի քաղաքային բնակչության ցուցանիշը պահպանվել է նույն մակարդակում։

Միաժամանակ, 5 մարզում քաղաքային բնակչության կրճատում է արձանագրվել։ Ամենամեծ նվազումը գրանցվել է Լոռու մարզում՝ 600 մարդ։ Շիրակում և Վայոց ձորում քաղաքաբնակների թիվը պակասել է 300-ականով, իսկ Տավուշում՝ 200-ով։

Առավել ուշագրավ միտումներ են ի հայտ եկել 2024 և 2026 թվականների ցուցանիշների համադրության արդյունքում։

Երկու տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունն ընդհանուր առմամբ ավելացել է 43, 800-ով։ Այդ ժամանակահատվածում քաղաքային բնակավայրերի բնակչությունն աճել է ընդամենը 10 հազար 800-ով կամ մոտ 0․5%-ով։ Գյուղական բնակավայրերում, մինչդեռ, արձանագրվել է 33 հազար մարդու կամ 3%-ի աճ։

Ստացվում է, որ 2024-2026 թվականներին հանրապետության բնակչության ընդհանուր ավելացման մոտ 75%-ն ապահովել են գյուղական բնակավայրերը։

Այս ժամանակահատվածում ամենազգալի փոփոխությունը գրանցվել է Արարատի մարզում, որտեղ գյուղաբնակների թիվն աճել է 10, 600-ով։

Կոտայքի մարզում գյուղական բնակչությունն ավելացել է 6200-ով, Արմավիրում՝ 4400-ով, իսկ Արագածոտնում՝ 3100-ով։

Միևնույն ժամանակ, Արարատի մարզում քաղաքային բնակչության թվաքանակը երկու տարում կրճատվել է 3900-ով։ Լոռու մարզում նվազումը կազմել է 2200, իսկ Արագածոտնում՝ 1300 մարդ։

Ընդհանուր առմամբ, 2024-2026 թվականներին Հայաստանի մարզերի քաղաքային բնակչության թվաքանակը նվազել է 4300-ով։ Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքային բնակչությունն ավելացել է 15,100-ով։

Առանձին ուշադրության են արժանի նաև 2022 և 2026 թվականների հոկտեմբերի 1-ի դրությամբ հրապարակված ցուցանիշների տարբերությունները։ Դրանց համադրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի որոշ սահմանամերձ մարզերում մշտական բնակչության թիվը 2026 թվականին ավելի փոքր է եղել, քան 4 տարի առաջ։

Մասնավորապես, Սյունիքի մարզում 2026 թվականի հոկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը 2022 թվականի համապատասխան ցուցանիշից պակաս է եղել 15,300-ով կամ մոտ 11․4%-ով։

Գեղարքունիքի մարզում նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է բնակչության մոտ 4․7% նվազում, իսկ Տավուշում բնակիչների թիվը պակասել է 1400-ով կամ մոտ 1․2%-ով։

Հակառակ միտումն է նկատվել Կոտայքի մարզում։ Այստեղ 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը 2022 թվականի նույն օրվա հրապարակված ցուցանիշից բարձր է եղել 47,800-ով կամ 18․9%-ով։

Լոռու մարզում այդ տարբերությունը կազմել է 17,300 մարդ կամ 8․2%, իսկ Արարատում՝ 14,800 մարդ կամ 5․7%։

Նշվում է, որ այս տվյալները համադրելիս կարևոր է հաշվի առնել վիճակագրական հաշվարկների մեթոդաբանական տարբերությունները։

Մասնավորապես, 2022 թվականի հոկտեմբերի 1-ի բնակչության ցուցանիշները հաշվարկվել են 2011 թվականի մարդահամարի արդյունքների հիման վրա։ Մինչդեռ 2026 թվականի տվյալների հաշվարկման համար հիմք են ընդունվել 2022 թվականի մարդահամարի արդյունքները։

ՀՀ վիճակագրական կոմիտեն 2022 թվականի մարդահամարից հետո վերահաշվարկել է նաև նախորդ տարիների բնակչության վերաբերյալ որոշ ժամանակագրական տվյալներ։

Այդուհանդերձ, ներկայացված համեմատության համար օգտագործվել են համապատասխան տարիներին հրապարակված հոկտեմբերի 1-ի վիճակագրական տեղեկագրերը, որոնց հաշվարկային հիմքերը միատեսակ չեն։ Հետևաբար, արձանագրված տարբերությունները պետք է մեկնաբանել՝ հաշվի առնելով այս հանգամանքը։

Հայաստանի բնակչության վերջին տարիների փոփոխությունները գնահատելիս անհրաժեշտ է անդրադառնալ նաև միգրացիոն երկու նշանակալի գործընթացի։

Դրանցից առաջինը կապված է 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո Հայաստան տեղափոխված մարդկանց ներհոսքի հետ։ Երկրորդը 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունն է։

Այս իրադարձությունների համատեքստում ուշագրավ է, որ 2022-2026 թվականների հոկտեմբերի 1-ի դրությամբ հրապարակված տվյալների համեմատությամբ մշտական բնակչության ամենախոշոր տարեկան ավելացումն արձանագրվել է 2024 թվականին։

Այդ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը հասել է 3 միլիոն 67 հազար 400-ի։ Ցուցանիշը 73, 600-ով գերազանցել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար հրապարակված տվյալը։

Սակայն այստեղ ևս առկա է վիճակագրական մեթոդաբանության հետ կապված կարևոր վերապահում։

2023 թվականի բնակչության թվաքանակը հաշվարկված է եղել 2011 թվականի մարդահամարի արդյունքներով, իսկ 2024 թվականի ցուցանիշի հիմքում արդեն 2022 թվականի մարդահամարի տվյալներն են եղել։

Այդ պատճառով հրապարակված ցուցանիշների միջև 73,600 մարդու տարբերությունը չի կարող ամբողջությամբ դիտարկվել որպես մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փաստացի ժողովրդագրական աճ։

Այսպիսով, Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը շարունակել է ավելանալ՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գերազանցելով 3․1 միլիոնի սահմանը։