AM
17 Նոյեմբեր 2026 - 16:05 AMT

Աննա Հակոբյանը` կին վարորդներին. Խցանման մեջ աղմկեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան եթերում կրկին անդրադարձել է Երևանի խցանումներին՝ այս անգամ դիմելով կին վարորդներին և հորդորելով խցանման մեջ աղմկել, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են հարցին լուծում տալ:

«Սիրելի կին վարորդներ, հիշում եք, չէ՞, այլևս չենք հանդուրժում։ Ձեր մեքենաներում պահեք աղմկող իրեր, և ամեն անգամ մի քանի ժամ խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, այնպես որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել այս իրավիճակը լուծելու համար։ Այնպես որ սիրելի կանայք, որքան հնարավոր է՝ բարձր հնչեցրեք այն, թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանություններն են մեղավոր»,-ասել է նա։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ բնական է համարում Աննա Հակոբյանի դժգոհությունը մայրաքաղաքի խցանումներից, հայտնում է Sputnik Արմենիան:

Քաղաքապետի խոսքով՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե որ կառույցն ինչ պատասխանատվություն ունի խնդրի լուծման հարցում։ Նա կարծիքով` Երևանի քաղաքապետարանից այսօր ակնկալիքներն ավելի մեծ են, քան տարիներ առաջ։

Աննա Հակոբյանը նոյեմբերի 10-ին ևս տեսանյութ էր հրապարակել որում առանց անուններ նշելու քննադատում ու հեգնում էր Երևանի խցանումների դեմ պայքարի համար պատասխանատու անձանց` միաժամանակ ակնարկելով, որ դա ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինթույլտվություններ տալը։