AM
17 Նոյեմբեր 2026 - 15:11 AMT

ՄԻՊ․ Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, տուժածների փոխհատուցման հարցը չի լուծվում

Հայաստանում սրվել է քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների վրա թափառող շների հարձակումների խնդիրը, ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարել այն, որ տարիներ շարունակ բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդրին լուծում չի տրվում։

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ իր գործունեությունն ամփոփող հաղորդումներում տարիներ շարունակ բարձրաձայնում է թափառող շների հարձակումների կանխարգելման ոլորտում առկա համակարգային և բազմաշերտ խնդիրները՝ շեշտադրելով դրանց ազդեցությունը մարդու կյանքի, առողջ ու անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքների պատշաճ իրացման վրա։

ՄԻՊ-ն առանձնացրել է նաև հարձակումների հետևանքով քաղաքացիների առողջությանը հասցված վնասի փոխհատուցման հարցը, որի իրավական կարգավորումները նույնպես շարունակում են բացակայել։

Պաշտպանը պետական մարմիններին կոչ է արել մշակել և կիրառել հարձակումների կանխարգելման արդյունավետ միջոցներ, ինչպես նաև ձևավորել անհրաժեշտ իրավական մեխանիզմներ՝ տուժած քաղաքացիների կրած վնասի հատուցումն ապահովելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջին շրջանում գրասենյակ հասցեագրված դիմումներն ու բողոքները, թեժ գծով ստացված ահազանգերը, սոցիալական հարթակների և լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև մարզային այցելությունների ընթացքում հավաքագրված տեղեկությունները վկայում են խնդրի սրման մասին։