Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցում խոսել է մայրաքաղաքի խցանումների մասին՝ նշելով, որ դրանից դժգոհություններ ունեն բոլորը, և ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն աշխատում է հարցը լուծելու ուղղությամբ։
Նա ասել է նաև, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը շատ դրական փոփոխություններ է բերել, հայտնում է Radar.am-ը:
«Ո՞վ ուրախ կլինի խցանումով, դրա մասին բոլորն էլ խոսում են, այդ թվում՝ պարոն Ավինյանն ինքը։ Եվ քաղաքապետարանի գործունեության նպատակներից մեկն էլ նաև տարբեր միջոցներով ստեղծել իրավիճակ, որ խցանումները քիչ լինեն»,- ասել է ԱԺ նախագահը:
Նա ընդգծել է, որ խցանումներն ունեն պատճառ, մասնավորապես, օրինակ՝ ավտոմեքենաների քանակի կտրուկ ավելացումը, նաև բնակչության։
Նա վստահեցրել է, որ խցանումն անխուսափելի խնդիր է ցանկացած զարգացող քաղաքի համար։
«Բայց սա չեմ ասում որպես ոչինչ չանելու բացատրություն։ Կա օբյեկտիվ խնդիր, և այդ օբյեկտիվ խնդրի լուծման ճանապարհները քաղաքապետարանի մեր գործընկերները պետք է գտնեն, և վստահ եմ՝ աշխատում են այս ուղղությամբ»,- ընդգծել է ԱԺ նախագահը։
«Ինչ վերաբերում է պարոն Ավինյանին, ոչ, ես չեմ համարում, որ նա տապալել է Երևան քաղաքի կառավարումը։ Հակառակը, համարում եմ, որ նա շատ դրական փոփոխություններ է բերել Երևանի կառավարման հարցում և կարծում եմ՝ կշարունակի»,- նշել է Ռուբինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան եթերում կրկին անդրադարձել է Երևանի խցանումներին՝ այս անգամ դիմելով կին վարորդներին և հորդորելով խցանման մեջ աղմկել, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են հարցին լուծում տալ:
Աննա Հակոբյանը նոյեմբերի 10-ին ևս տեսանյութ էր հրապարակել որում առանց անուններ նշելու քննադատում ու հեգնում էր Երևանի խցանումների դեմ պայքարի համար պատասխանատու անձանց` միաժամանակ ակնարկելով, որ դա ավելի բարդ պարտականություն է, քան միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինթույլտվություններ տալը։





