Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ 2027 թվականի ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում աջակցում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին, հայտնում է ֆեդերացիան:
«Նոյեմբերի 16-ին Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն, նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորությամբ անցկացված նիստի ընթացքում, որոշում է ընդունել 2027 թվականի մարտին նախատեսված ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում աջակցություն հայտնել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնածությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամները միաձայն կողմ են արտահայտվել Դիալոյի առաջադրմանը։ Նրա թեկնածությանը հավանություն են տվել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՖԻՖԱ-ի խորհրդում ընդգրկված եվրոպական բոլոր ներկայացուցիչները։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ օգոստոսին պաշտոնական նամակ էր հասցեագրել ՖԻՖԱ-ին՝ տեղեկացնելով նախագահական առաջիկա ընտրություններում գործող ղեկավար Ջանի Ինֆանտինոյին չսատարելու իր որոշման մասին։
«Լավ ճանաչում եմ պարոն Դիալլոյին որպես բարձրակարգ և պրոֆեսիոնալ պաշտոնյա ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեում համատեղ աշխատանքից։ Վստահ եմ, որ նա ունի անհրաժեշտ բոլոր որակները ՖԻՖԱ-ն գլխավորելու և այն հաջողությամբ ղեկավարելու համար»,- այս առնչությամբ ասել է ՀՖՖ նախագահ, ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Արմեն Մելիքբեկյանը։





