Քաղաքաշինության կոմիտեում հանդիպում է անցկացվել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման և քաղաքաշինական նորմերի արդիականացման վերաբերյալ հարցեր։
Քննարկման մասնակիցները ներկայացրել են անվտանգության ապահովման տեսանկյունից նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները՝ անդրադառնալով նաև միջազգային լավագույն փորձին։ Նրանք կարևորել են գործող իրավական և տեխնիկական կարգավորումների վերանայումը՝ հաշվի առնելով ոլորտում արձանագրված զարգացումները։
Առանձին քննարկման առարկա են դարձել բենզալցակայանների և հարակից բնակելի ու հասարակական նշանակության շենքերի միջև պարտադիր հեռավորությունների պահպանման, ինչպես նաև հողատարածքների նվազագույն մակերեսներին առնչվող գործող չափորոշիչները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ ներկայում մասնագիտական մակարդակով քննարկվում են քաղաքաշինական գործող նորմերում համապատասխան փոփոխություններ կատարելու հնարավորությունները։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները համապատասխան լիազորություններ ունեցող պետական կառույցների հետ՝ բարձրացված խնդիրների համար առավել արդյունավետ և գործնական լուծումներ մշակելու նպատակով։





