AM
18 Նոյեմբեր 2026 - 10:11 AMT

Հայ-ռուսական աշխատանքային խումբը քննարկել է ՀԿԵ կոնցեսիոն կառավարման արդյունավետության խնդիրները

Նոյեմբերի 17-ին Երևանում կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որի նպատակն էր քննարկել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները, եռամսյա ժամկետում գտնել դրանց լուծման հնարավորությունները և հստակեցնել հետագա քայլերը, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության տեսլականը՝ երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանի և Հայաստանի տնտեսության համար։

Ռուսական կողմը ներկայացրել է երկաթուղային ցանցի զարգացման և բեռնահոսքերի աճի հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում առկա մրցակցության, ազատ թողունակության և ներդրումների վերադարձելիության ապահովման հարցերին։

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները և պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ ստեղծված աշխատանքային խմբի առջև դրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով։

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հայկական երկաթուղու կառավարումը ստանձնել է 30 տարի ժամկետով։ Գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2038 թվականը։ Պայմանագրով նախատեսված է նաև կառավարման ժամկետը ևս տասը տարով երկարաձգելու հնարավորություն։

Տարեսկզբից հայկական կողմն առաջարկել է դիտարկել երկաթուղային համակարգի կառավարումը երրորդ երկրի փոխանցելու հնարավորությունը։ Ըստ Երևանի առաջարկի՝ այդ պետությունը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։

Սակայն ռուսական կողմը չի ընդունել այդ նախաձեռնությունը։ Մոսկվայից զգուշացրել են, որ կոնցեսիոն պայմանագրի դրույթների փոփոխության կամ դրա վաղաժամկետ դադարեցման պարագայում կարող է առաջանալ հայկական երկաթուղային համակարգում կատարված ներդրումները վերադարձնելու պահանջ։