Հայաստանի կառավարությունը սահմանային անցակետերի ենթակառուցվածքների արդիականացման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից նախատեսում է ներգրավել 19․6 միլիոն եվրոյի վարկ։
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Պետական եկամուտների կոմիտեի սահմանային անցակետերի արդիականացում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկին հավանություն տալու հարցը ներառվել է կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում, հայտնում է Արմենպրեսը:
Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելն է՝ սահմանային անցման կետերը վերահսկողության արդիական սարքավորումներով համալրելու, գործող ենթակառուցվածքները բարելավելու և նոր մաքսային լաբորատորիա ստեղծելու համար։ Նախաձեռնությունն ուղղված է նաև սահմանային ու մաքսային կառավարման կարողությունների զարգացմանը։
Ծրագրի իրականացման համար նախատեսվում է Հայաստանին տրամադրել 19 միլիոն 600 հազար եվրոյի վարկային միջոցներ և 543 հազար եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհ։
Վարկային ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել երկու մասնաբաժնով՝
Առաջին տրանշ՝ 15 միլիոն 600 հազար եվրո՝ սարքավորումների ձեռքբերման համար։
Երկրորդ տրանշ՝ 4 միլիոն եվրո՝ մաքսային լաբորատորիայի ստեղծման նպատակով։ Այս գումարը նախնական է և վերջնականապես կսահմանվի իրագործելիության ուսումնասիրության (Feasibility Study) արդյունքների հիման վրա։
Ծրագրում ընդգրկվել է 3 հիմնական բաղադրիչ։
Առաջին բաղադրիչը վերաբերում է սահմանային անցման կետերում կապիտալ ծախսերին։ Նախատեսվում է ապահովել անհրաժեշտ սարքավորումների մատակարարումն ու տեղադրումը, ինչպես նաև իրականացնել դրանց հետ կապված լրացուցիչ աշխատանքները։
Երկրորդ բաղադրիչն ընդգրկում է մաքսային լաբորատորիայի ստեղծմանն ուղղված կապիտալ ներդրումները։ Մասնավորապես, նախատեսվել է ձեռք բերել և տեղադրել լաբորատորիայի գործունեության համար անհրաժեշտ սարքավորումները, կատարել հարակից ու անհրաժեշտ այլ աշխատանքներ։
Երրորդ բաղադրիչը նախատեսում է տեխնիկական համագործակցություն՝ հետևյալ ուղղություններով. գնումների գործընթացի նախապատրաստական աջակցություն, ծրագրի իրականացմանն օժանդակություն, թվային տեխնոլոգիաների փորձագետի ներգրավում և մաքսային ընթացակարգերի գործարար գործընթացների վերակազմավորում։
Տեխնիկական համագործակցության միջոցներն ուղղված են ծրագրի պատշաճ նախապատրաստման, արդյունավետ կառավարման ու իրականացման ապահովմանը։ Դրանց միջոցով նախատեսվել է նաև մասնագիտական աջակցություն տրամադրել մաքսային ընթացակարգերի թվայնացման և կատարելագործման աշխատանքներին։
Նախաձեռնության շրջանակում ներառվել են նաև կլիմայական դիմակայունության բարձրացմանն ու էլեկտրական շարժունակության ապահովմանն ուղղված միջոցառումները, որոնք սահմանվել են 2025 թվականի հոկտեմբերին պատրաստված ծրագրի իրագործելիության գնահատման պատշաճ ուսումնասիրության հաշվետվությամբ։
Մասնավորապես, սահմանային անցակետերում նախատեսվել է ներդնել ջրահեռացման արդյունավետ համակարգեր և հեղեղումներից պաշտպանության համապատասխան լուծումներ։
Երկաթուղային ենթակառուցվածքների մասով նախատեսվում է բացահայտել ենթակառուցվածքների և մոնիթորինգի սարքավորումների հետ կապված հնարավոր ռիսկերը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել դրանց նվազեցման ուղղությամբ։
Էլեկտրական տրանսպորտի համար նախատեսված լիցքավորման կայանների տեղադրման ընթացքում նախատեսվում է կիրառել գերտաքացման և ջրի ազդեցությամբ պայմանավորված վնասների վտանգը նվազեցնող միջոցառումներ։
Մաքսային հսկողության շարժական և ձեռքի սարքավորումների համար նախատեսվել է ապահովել պատշաճ ու պաշտպանված պահպանման պայմաններ։
Ծրագրի առաջին տրանշով նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն այդ տրանշի ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո երեք տարվա ընթացքում։ Երկրորդ տրանշի շրջանակում իրականացվելիք աշխատանքների ավարտի համար ևս սահմանվել է եռամյա ժամկետ՝ համապատասխան պարտավորության ստանձնման ամսաթվից սկսած։
Սահմանային անցման կետերը նախատեսվում է համալրել ժամանակակից ռենտգենային համակարգերով, մաքսային հսկողության ձեռքի սարքավորումներով, նորագույն կշեռքներով և վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ այլ նորարարական տեխնիկական միջոցներով։





