AM
18 Նոյեմբեր 2026 - 17:27 AMT

Համայնքների եկամուտներն ավելացնելու նախագիծ կներկայացվի

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ Կառավարության հաստատմանը կներկայացվի համայնքների եկամուտների աճն ապահովող նախագիծ, որից կշահի նաև Երևանը։ Նախարարն այդ մասին հայտարարել է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ անդրադառնալով մայրաքաղաքի ֆինանսական հնարավորությունների վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։

Թունյանն ընդգծել է մայրաքաղաքի զարգացման և տարածքային համաչափ զարգացման քաղաքականության միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը՝ նկատելով, որ Երևանի առջև ծառացած խնդիրների հաղթահարումն առանց բավարար ֆինանսական միջոցների հնարավոր չէ, գրում է Արմենպրեսը:

«Պետք է գտնել հավասարակշռված լուծում, որ մենք ո՛չ տարածքային համաչափ զարգացմանը վնասենք, ո՛չ էլ Երևանի զարգացմանը։ Ուզում եմ հասկանալ՝ այս պահին հնարավորություն ունե՞նք Երևանի ֆինանսավորման հարցում որոշակի փոփոխությունների գնալու»,- հարցրել է պատգամավորը։

Ֆինանսների նախարարն արձանագրել է, որ պետական բյուջեի սահմանափակ ռեսուրսների պայմաններում մայրաքաղաքին լրացուցիչ միջոցներ տրամադրելու համար անհրաժեշտ է հստակեցնել դրանց ֆինանսավորման աղբյուրը։

«Երբ Դուք հարցնում եք՝ Երևան քաղաքին ավել ֆինանսավորում տալու հնարավորություն կա՞, պետք է որոշենք, թե ո՞ւմ պետք է ավելի քիչ տանք, որպեսզի Երևանին ավելի շատ տանք»,- պատասխանել է Հովհաննիսյանը։

Միևնույն ժամանակ նախարարն արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով պատրաստակամություն է հայտնել քննարկել Երևանի առաջնահերթ խնդիրները՝ մատնանշելով բյուջետային տարվա ընթացքում ֆինանսական միջոցների վերաբաշխման հնարավորությունը։

«Տարվա ընթացքում լինում են իրավիճակներ, երբ տեսնում ենք, որ այս կամ այն ծրագիրն այն արագությամբ առաջ չի գնում, ինչպես պլանավորված էր, և մենք այդ միջոցները վերաուղղում ենք այլ ուղղություններով»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։

Ի պատասխան՝ Բաբկեն Թունյանն առաջարկել է դիտարկել նաև մայրաքաղաքի սեփական եկամուտներն ավելացնելու մեխանիզմները։ Պատգամավորը հիշատակել է որոշ հարկատեսակներից ստացվող եկամուտների մի մասը համայնքային բյուջեներին ուղղելու շուրջ նախկինում անցկացված քննարկումները՝ հետաքրքրվելով այդ ուղղությամբ աշխատանքները շարունակելու հնարավորությամբ։

«Մենք մտածում ենք այս ուղղությամբ և հանձնառություն ունենք նաև մտածելու ու գտնելու ձևեր, որոնցով մենք կավելացնենք համայնքների եկամուտները։ Եվ մենք ունենք մի նախագիծ, որը ներկայացնելու ենք կառավարության հաստատմանը, որը հենց դրան է ուղղված, և կարծում եմ՝ դրանից շահելու է նաև Երևանը»,- հայտնել է նախարարը։

Հովհաննիսյանն անդրադարձել է նաև համայնքների ֆինանսական ռեսուրսների համալրման մեկ այլ հնարավոր մեխանիզմի՝ գույքի արժեքի հավելաճի հարկումից գոյացող եկամուտների մի մասը համայնքային բյուջեներին հատկացնելու գաղափարին։ Նախարարն ընդգծել է, որ այն առայժմ ներկայացվում է որպես քննարկման ենթակա տարբերակ։