Հայաստանի պաշտպանական բյուջեի մշակման ժամանակ ուսումնասիրվում են հարևան երկրների ռազմական ծախսերի ցուցանիշները, ինչպես նաև անվտանգության ոլորտին վերաբերող այլ գործոններ։ Այդ մասին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել է՝ արդյոք Հայաստանի պաշտպանական ծախսերի չափը սահմանելիս դիտարկվում է հարևան պետությունների ռազմական ծախսերի հարաբերակցությունը նրանց ընդհանուր պետական բյուջեներին։ Այվազյանը նաև խնդրել է համեմատական տվյալներ ներկայացնել, հայտնում է Արմենպրեսը:
Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ պետական բյուջեի մշակման փուլում պաշտպանական ծախսերին վերաբերող հարցերը քննարկվում են Անվտանգության խորհրդում և պաշտպանության նախարարությունում։
«Մենք ամեն տարի գարնանը որոշում ենք, թե ամեն նախարարության կամ ոլորտի գծով որքան գումար պետք է հատկացնենք, այնուհետև քննարկում ենք բյուջեի բացվածքն արդեն ամռանը՝ մինչև Ազգային ժողով բյուջեն ներկայացնելը։ Այդ քննարկումները տեղի են ունենում Անվտանգության խորհրդում, պաշտպանության նախարարությունում, համապատասխան վերլուծական աշխատանք է իրականացվում»,- ասել է նախարարը։
Հովհաննիսյանը, սակայն, հայտնել է, որ այդ պահին չի տիրապետում հարևան երկրների ռազմական բյուջեների ծավալների վերաբերյալ կոնկրետ թվային տվյալներին։
«Եթե դուք ինձ հարցնում եք՝ ինչքա՞ն է մեր հարևան պետությունների ռազմական բյուջեն, ցավոք, այդ մի թիվն էլ չգիտեմ, բայց վստահ եղեք, որ ոչ միայն այդ թիվը, այլ նաև ամեն ինչ վերլուծվում է»,- ընդգծել է նա։
Ֆինանսների նախարարն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ պաշտպանության նախարարության համար նախատեսված ֆինանսական միջոցները չեն արտացոլում երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղվող ծախսերի ամբողջ ծավալը։
«Գտել ենք, որ պաշտպանության նախարարության բյուջեն պետք է լինի 616 միլիարդ դրամ։ Եվ դա ամբողջ ռազմական բյուջեն չէ, որովհետև այլ գերատեսչություններ ևս իրականացնում են այդ ուղղությամբ աշխատանքներ»,- նշել է Հովհաննիսյանը։





