AM
18 Նոյեմբեր 2026 - 18:10 AMT

Նախարար․ Նարեկ Կարապետյանը մինչև պատգամավոր դառնալը նվազագույն աշխատավարձ էր ստանում․

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ-ում, պատասխանելով այն հարցին, թե աշխատողների քանի տոկոսն է նվազագույն աշխատավարձ ստանում երկրում, ասել է, թե չգիտի՝ քանիսն են, բայց, իր հիշելով, Նարեկ Կարապետյանը մինչև պատգամավոր ընտրվելը նվազագույն աշխատավարձ է ստացել։

Հարցն ուղղած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հակադարձել է․ «Ողջունելի է, որ Դուք Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը գիտեք, բայց անհասկանալի է, որ մեր երկրի տնտեսության մեջի թվերը չգիտեք: Ինչ էի ուզում խնդրել Ձեզ․ այդ որ հանձնարարելու եք ինձ թվերն ուղարկեն, շատ եմ խնդրում, հանձնարարեք մի հատ էլ Ձեզ տան, որ համ Դուք իմանաք, համ ես իմանամ», հայտնում է Factor.am-ը:

Մանուկյանը հետաքրքրվել է, թե Հայաստանում աշխատողների ընդհանուր թվի որ մասն է միջին աշխատավարձից պակաս վարձատրվում, և քանի տոկոսն է նվազագույն աշխատավարձ ստանում։ Ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է, որ կառավարության ներկայացրած տնտեսական աճի ցուցանիշների պայմաններում անգամ բնակչության զգալի հատվածը շարունակում է աղքատության մեջ ապրել։

«Կարո՞ղ եք ասել՝ քանի տոկոսն է մեր աշխատողների միջին աշխատավարձից ավելի ցածր ստանում, այսինքն՝ բնակչության քանի տոկոսը, և հաջորդը՝ նվազագույն աշխատավարձ քանի տոկոսն են ստանում: …Ձեր ներկայացրած ամեն ինչը շատ լավ է, շատ ֆանտաստիկ է, տնտեսական աճ, գումարները շատացել է, ամեն ինչը բարձրացել է, ամեն ինչը թույն, բայց ժողովուրդը աղքատ է ապրում․ Շիրակի մարզում 50%-ի մատույցներում է աղքատության մակարդակը»,- նշել է պատգամավորը։

Պատասխանելով Մանուկյանի հարցին՝ ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ Հայաստանում մեդիան աշխատավարձի ցուցանիշը զիջում է միջին աշխատավարձին։ Դա նշանակում է, որ աշխատողների կեսից ավելին միջին աշխատավարձից ցածր եկամուտ է ստանում։

Աղքատության մակարդակի վերաբերյալ դիտարկմանն ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ կառավարությանը հաջողվել է ամեն տարի ապահովել այդ ցուցանիշի նվազում։ Միևնույն ժամանակ նախարարն ընդունել է, որ արձանագրված նվազման տեմպերը չեն համապատասխանել ակնկալիքներին։

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ կենսաթոշակների ավելացումն ու առողջության ապահովագրության համակարգի ներդրումը կարող են էականորեն բարելավել բնակչության սոցիալական դրությունը։

«Աղքատությունը կարողացել ենք նվազեցնել և աղքատությունը նվազեցրել ենք ամեն տարի: Աղքատությունը նվազե՞լ է այն չափով, ոնց որ մենք ու դուք կուզեինք․ ասեցի արդեն՝ ոչ: …Թոշակների բարձրացումը և առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումը էապես փոխելու է այս պատկերը»,- ընդգծել է ֆինանսների նախարարը։