AM
18 Նոյեմբեր 2026 - 18:29 AMT

Փաշինյան․ Գետեր կան, որ ՀՀ-ից մտնում են Ադրբեջան, հետո նորից մեր տարածք՝ ըստ էության, դրանք համատեղ գետեր են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ինչու են քննարկել անդրսահմանային ջրերի հարցը: Նա նշել է, որ Խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ է համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անդրսահմանային ջրերի կառավարմանոլորտում։

«Քանի որ իրականացնում ենք խաղաղության օրակարգ, և երկրները ,երբ կոնֆլիկտը հաղթահարում են, ամենատարբեր ոլորտներում պետք է համագործակցեն, մասնավորապես՝ անդրսահմանային ջրերի։ Մենք ունենք գետեր, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, հետո նորից Հայաստանի տարածք, հետո նորից դուրս են գալիս Հայաստանի տարածքից, և, ըստ էության, դրանք համատեղ գետեր են։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք այդ ջրային ռեսուրսներն օգտագործում, նաև բնապահպանական ստանդարտների մասով»,– նշել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ ներկայում աշխատանքային խմբեր են ձևավորվում, սակայն հանդիպում դեռ տեղի չի ունեցել։

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը ներկայում նման համագործակցություն ունի Իրանի և Թուրքիայի հետ։ Օրինակ` Իրանի հետ համագործակցությունն Արաքս գետի հետ է կապված, հարցին պարբերաբար անդրադարձ է կատարվում երկու երկրների բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, արդեն երկար տարիներ է՝ Ախուրյանի ջրամբարն է համատեղ օգտագործվում, քանի որ այն սահմանային է։
Վարչապետը հավելել է, որ դա խաղաղ կյանքի շատ սովորական և անհրաժեշտ օրակարգ է, առանց դրա հնարավոր չէ։

Նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում, քննարկել են օրակարգային տարբեր հարցեր։ Ըստ հաղորդագրության՝ քննարկման հարցերից մեկն էլ անդրսահմանային գետերի կառավարմանն է առնչվել։ Ընդգծվել է շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը։