AM
18 Նոյեմբեր 2026 - 17:14 AMT

Առողջության ապահովագրության համակարգում հնարավոր կլինի կամավոր ընդգրկել նաև ընտանիքի անդամներին

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում հնարավոր կլինի ընդգրկել նաև ընտանիքի անդամներին կամավոր սկզբունքով: Այդ մասին Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հայտնում է Արմենպրեսը:

Նախատեսվում է, որ 2027 թվականին առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը կհասնի 2.4 միլիոնի։

«Ապահովագրական համակարգում կընդգրկվեն նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձինք։ Նախատեսվում է նաև նոր հնարավորություն ստեղծել աշխատող քաղաքացիների համար՝ ապահովագրելու իրենց ընտանիքի անդամներին։ 200 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները կկարողանան ապահովագրել ընտանիքի մեկ անդամի, իսկ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ երկու անդամի։

Ապահովագրության համակարգին կմիանան նաև էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող քաղաքացիները, որոնք վերջին երկու տարիներին միացած են եղել հարթակին, և որոնց ամսական շրջանառությունը մեկ տարվա ընթացքում գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը»,-ասել է նա։

Նախարարը ներկայացրել է նաև առողջապահական մի շարք ծրագրերի ընդլայնման նախատեսվող աշխատանքները։

«Հաջորդ տարի կընդլայնվի ինսուլինի անալոգների՝ գրիչների և ասեղների տրամադրման ծրագիրը։ Տարիքային շեմը կբարձրացվի, և ապահովումից կօգտվեն մինչև 50 տարեկան քաղաքացիները։ Բացի երեխաներից, արյան մեջ շաքարի մակարդակը չափող սենսորներ կտրամադրվեն նաև հղիներին։ Կընդլայնվի նաև նյարդաբանական խնդիրներով պայմանավորված 13 համախտանիշների դեպքում դեղորայք ստացող շահառուների շրջանակը»,-նշել է նախարարը:

Նա հավելել է, որ շարունակվելու և ընդլայնվելու է նաև արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս զույգերին իրականություն դարձնել երեխա ունենալու բաղձալի երազանքը։

Նախագծի համաձայն՝ 2027 թվականի հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվի մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող մոտ 350 հազար աշխատող։ Ամսական ապահովագրավճարը կկազմի 10,800 դրամ, որից 4400 դրամը կհատկացնի պետությունը, նույնքան կվճարի գործատուն, իսկ մնացած 2000 դրամը՝ աշխատողը։