AM
18 Նոյեմբեր 2026 - 17:57 AMT

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են հետ կանչել վիրավորանքի փոխհատուցման շեմերը վերանայող նախագիծը

Լրագրողական 9 կազմակերպություն պահանջում է հետ կանչել Արդարադատության նախարարության մշակած նախագիծը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար դրամական փոխհատուցման նվազագույն շեմեր սահմանել։

Կազմակերպությունները դեմ են, որ «վիրավորանքի և զրպարտության առնչությամբ իշխանությունների կողմից կիրառվող պատասխանատվության մեխանիզմները սպառնալիք դառնան արտահայտվելու ազատության և լրատվամիջոցների քննադատական խոսքի համար»:

Նախագծով նախատեսվում է արդեն գործող առավելագույն սահմանաչափերին՝ վիրավորանքի դեպքում 3 միլիոն, իսկ զրպարտության դեպքում՝ 6 միլիոն դրամ, ավելացնել նաև փոխհատուցման նվազագույն սահմանաչափեր՝ համապատասխանաբար 1 և 2 միլիոն դրամի չափով։ Առաջարկվող կարգավորման ընդունման դեպքում հայցվորները չեն կարողանա սահմանված նվազագույնից պակաս գումար պահանջել, իսկ դատարանները հնարավորություն չեն ունենա ավելի ցածր դրամական փոխհատուցում նշանակել։

Նման մոտեցումը, ըստ հայտարարության, համապատասխանել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ 997 որոշմամբ ամրագրված կարևոր սկզբունքին։ Դրա համաձայն՝ լրատվական հրապարակումներում վիրավորանքի կամ զրպարտության առկայության դեպքում փոխհատուցման չափը որոշելիս անհրաժեշտ է գնահատել նաև լրատվամիջոցի ֆինանսական դրությունը, որպեսզի սահմանված պատասխանատվությունը չհանգեցնի վերջինիս սնանկացմանը։

Լրագրողների և լրատվամիջոցների դեմ հարուցված դատական գործերի երկարամյա մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ այն դեպքերում, երբ դատարանները որպես վիրավորանքի կամ զրպարտության փոխհատուցում սահմանել են, օրինակ, 200-300 հազար դրամ, հայցվորները սովորաբար չեն վիճարկել դատական ակտերի այդ հատվածը։

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կազմակերպությունները հարց են բարձրացրել, թե ինչ անհրաժեշտությամբ է պայմանավորված պետության միջամտությունը լրացուցիչ կարգավորման կարիք չունեցող խնդրին, և ինչու են փոխհատուցման իրավական ինստիտուտում ներդրվում քրեական պատասխանատվությանը բնորոշ տարրեր։

Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները վերահաստատել են նախկինում բազմիցս արտահայտած իրենց դիրքորոշումը՝ ընդգծելով, որ նպատակ չունեն պաշտպանելու վիրավորանք կամ զրպարտություն տարածող անձանց։

Նախագծին կից պաշտոնական հիմնավորման համաձայն՝ նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել անձի պատվի, արժանապատվության, գործարար համբավի և մյուս հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Նախարարության գնահատմամբ՝ ներկայում գործող իրավական կարգավորումները բավարար չափով չեն երաշխավորում պատճառված վնասի ծանրությանը համարժեք փոխհատուցումը։

Սակայն լրագրողական կազմակերպությունների կարծիքով՝ փաստաթղթի հեղինակները պատշաճ ուշադրություն չեն դարձրել խնդրի հակառակ կողմին։ Բազմաթիվ են այն դեպքերը, երբ քաղաքական գործիչները, բարձրաստիճան պաշտոնատար անձինք և հանրությանը հայտնի այլ անձինք անգամ հիմնավորված ու օբյեկտիվ քննադատությունն են դիտարկում որպես վիրավորանք կամ զրպարտություն՝ դատարան դիմելով լրատվամիջոցին «պատժելու» նպատակով։

Հայտարարության հեղինակները նկատել են, որ լիարժեք անկախ դատական համակարգի բացակայության և առանձին դատավորների կողմից քաղաքական ենթատեքստով որոշումների կայացման պայմաններում նման մտադրությունները հաճախ իրականություն են դառնում։ Նրանց գնահատմամբ՝ առաջարկվող օրենսդրական կարգավորումները փաստացի նպաստում են այդ բացասական պրակտիկայի շարունակմանը։

Թեև նախագծի հեղինակներն ընդգծել են, որ վիրավորանքի կամ զրպարտության յուրաքանչյուր դեպք չպետք է մեխանիկորեն հանգեցնի դրամական փոխհատուցման նշանակման, լրագրողական կազմակերպություններն այդ մոտեցումը բավարար երաշխիք չեն համարում։ Նրանց համոզմամբ՝ որևէ գործուն երաշխիք չկա, որ նոր կարգավորումները չեն վերածվի մամուլի նկատմամբ ֆինանսական ճնշում գործադրելու օրինական միջոցի։

«Ելնելով վերոգրյալից՝ Արդարադատության նախարարությունից պահանջում ենք․

Հետ կանչել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու տվյալ նախագիծը և նախաձեռնել մասնագիտական բաց քննարկումներ մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ՝ այդ փաստաթղթի գաղափարի հիմնավորվածության և վիրավորանքի ու զրպարտության համար պատասխանատվության խստացման անհրաժեշտության վերաբերյալ։

Զուգահեռաբար նախագիծն ուղարկել Եվրոպայի խորհուրդ և այլ միջազգային կառույցներ՝ փորձաքննություն իրականացնելու և եվրոպական նորմերին համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Համատեղ հայտարարությունը ստորագրել են՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստանը, Լրագրողների «ԱՍՊԱՐԵԶ» ակումբը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

Նոյեմբերի 16-ին հանրային քննարկման է ներկայացվել Արդարադատության նախարարության հեղինակած՝ «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Փաստաթղթով առաջարկվում է փոփոխել Քաղաքացիական օրենսգրքի 1087․1 հոդվածով կարգավորվող՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը։