AM
19 Նոյեմբեր 2026 - 11:14 AMT

Միրզոյան․ Գերիների հարցը նախապայման դարձնելը կհեռացնի մեզ խաղաղությունից

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի բարձրաձայնումը Հայաստանին ու Ադրբեջանին կհեռացնի խաղաղությունից, հայտարարել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ։

Միրզոյանը չի հերքել, որ հակամարտության շրջանից դեռևս կան գործոններ, որոնք խանգարում են խաղաղությանը, սակայն ամեն ինչ կոճակի մեկ սեղմամբ չի լուծվում, հայտնում է Sputnik Արմենիան:

«Այո՛, կան պահվող անձինք, և նրանց գոյությունը Բաքվի բանտերում չի նպաստում խաղաղությանը։ Հիմա ձեր տրամաբանությամբ պետք է գնանք, ասենք՝ մինչև այս հարցը չլուծվի, մենք չենք ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Ո՞նց եք կարծում՝ սա ավելի շուտ կմոտեցնի՞ մեզ բոլոր հարցերի վերջնական հանգուցալուծմանը, թե գնանք, ասենք, որ խաղաղությունը ստորագրում ենք, այս հարցում էլ գործակցում, այն մյուսում էլ, և տեսանելի ապագայում կստեղծվի իրավիճակ, որ այդ մնացող հարցերն էլ ավելի հեշտ կլինի լուծել»,- ձեռքն ամբիոնին հարվածելով՝ ասել է Միրզոյանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն առկա են նախաստորագրված խաղաղության համաձայնագիր և առևտրային հարաբերություններ։ Նրա խոսքով՝ մնացել է գնալ վերջնական ստորագրման ու վավերացման և խաղաղությունը դնել ինստիտուցիոնալ հիմքերի վրա։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի։ Հրապարակված դատավճիռներով Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի նկատմամբ սահմանվել է 20 տարվա ազատազրկում։ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվել է առանձին վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի է դարձել, որ Բաքվի դատարանը Վարդանյանի նկատմամբ 20 տարվա ազատազրկման դատավճիռ է կայացրել։

Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանն ու Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալահվերդյանն ու Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանն ու Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։