AM
19 Նոյեմբեր 2026 - 13:43 AMT

Անդրեասյան․ 2027-ին կմեկնարկենք հաջորդ 300 դպրոցի, 100 մանկապարտեզի շինաշխատանքները

Տարեվերջին կավարտվեն «300 դպրոցն ու մանկապարտեզ» ծրագիրը, 2027-ին կմեկնարկեն հաջորդ 300 դպրոցի, 100 մանկապարտեզի շինաշխատանքները: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ ոլորտների ֆինանսավորման առաջնահերթությունները։

Նա նշել է, որ կառավարության նախորդ ծրագրի մեկնարկային՝ 2021 թվականի համեմատ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին ուղղվող ֆինանսավորումն աճել է ավելի քան 2․5 անգամ, իսկ 2027-ին ոլորտների կարիքների համար նախատեսվում է հատկացնել ավելի քան 435 միլիարդ դրամ՝ իրականացնելով 23 բյուջետային ծրագիր և 193 միջոցառում, հայտնում է 1lurer.am-ը:

Անդրադառնալով կապիտալ ներդրումներին՝ նախարարն ընդգծել է, որ 2027 թվականի բյուջեով այդ նպատակով նախատեսվել է 164․4 միլիարդ դրամ։ Գումարը կազմում է ոլորտներին տրամադրվող ամբողջ ֆինանսավորման 37․7 տոկոսը։

«Ամենախոշոր կապիտալ ծրագրերից «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով, օրինակ, եթե մեկնարկային տարում՝ 2021-ին, ամբողջ տարվա կատարողականը 12․9 մլրդ դրամ էր, ապա 2025-ին տարեկան կատարողականն ավելի քան իննապատկվել է՝ գերազանցելով 120 մլրդ դրամը։ 2026-ին մենք սպասում ենք շուրջ 150 միլիարդ դրամի կատարողական միայն այս ծրագրով։ Տարեվերջին կավարտենք «300 դպրոցն ու մանկապարտեզը» և միանգամից 2027-ին կմեկնարկենք հաջորդ 300 դպրոցի, 100 մանկապարտեզի շինարարության աշխատանքները»,- տեղեկացրել է Անդրեասյանը։

Նախարարի հավաստմամբ՝ ենթակառուցվածքային ծրագրերը չեն սահմանափակվի միայն դպրոցներով ու մանկապարտեզներով։ Նախատեսված ծրագրերն ընդգրկում են նաև արվեստի և սպորտի 100 դպրոց, 100 համակցված մարզահրապարակ, 40 պատմամշակութային հուշարձան, 30 երիտասարդական կենտրոն, 3 մարզադաշտ, առնվազն 30 քոլեջ, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի ուսանողական կացարաններ և այլ ենթակառուցվածքներ։