AM
19 Նոյեմբեր 2026 - 15:06 AMT

Գուրգեն Արսենյան․ Մինչև Նոր տարի Հայաստանում կլինեմ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հաստատել է իր հետկանչի վերաբերյալ տարածված տեղեկությունները՝ նշելով, որ մինչև Նոր տարի Հայաստանում կլինի, հայտնում է «Հրապարակը»:

Անդրադառնալով իրեն փոխարինելու որոշման պատճառներին և իշխանությունների ակնկալիքները չարդարացնելու վերաբերյալ պնդումներին՝ Արսենյանն ասել է, որ Հայաստան վերադառնալը պայմանավորված է իր պաշտոնավարման ժամկետի ավարտով:

«Այո՛, դա քաղաքական որոշում է, բայց ո՞վ ասաց, որ չեմ արդարացրել, ուղղեք այդ հարցերն իրենց, թող իրենք պատասխանեն։ Երկու տարին ավարտվեց, նշանակել էին երկու տարով` ավարտվեց»,-նշել է Արսենյանը։

Լրագրողը հետաքրքրվել է նաև՝ արդյոք դեսպանին չվերանշանակելու որոշումը կարող է պայմանավորված լինել Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքական ուղղության հետ նրա անհամաձայնությամբ և հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ առավել կառուցողական մոտեցմամբ։

«Ես միշտ եմ կառուցողական տրամադրված եղել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ։ Ցանկացած դեսպան պետք է իրականացնի իր գործունեությունը՝ ելնելով կառուցողական լինելու հիմքից՝ ցանկացած երկրի հետ։ Սա մեր սահմանադրական պարտավորությունն է, մեր գործունեությունն ուղղված է կառուցողական հարաբերություններ հաստատելուն»,- նշել է Արսենյանը։

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են Մոսկվայում դեսպան նշանակել եվրոպական երկրներում դիվանագիտական առաքելություն իրականացրած 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որը 2004-2010 թվականներին եղել է ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչը։ Մկրտչյանն արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է։ Պարբերականի տեղեկություններով՝ ռուսական կողմը ձգձգում է նրա նշանակման համար անհրաժեշտ համաձայնության՝ ագրեմանի տրամադրումը։