Տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն Գործընկերության կոմիտեի 7-րդ նիստը, որն անցկացվել է ՀՀ–ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» շրջանակում ստեղծված ձևաչափով։
Կողմերը քննարկել են ՀԸԳՀ և ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հաջող ընթացքը։
Հայաստանը և Եվրոպական միությունը կարևորել են կողմերի համար ընդհանուր հանդիսացող ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը։
ԵՄ կողմը բարձր է գնահատել Հայաստանի կողմից մայիսի 4-ին և 5-ին համապատասխանաբար Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի հաջող հյուրընկալումը։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրագործելու ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը։
Հայաստանն ու Եվրամիությունը գոհունակություն են հայտնել 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման ընթացքում գրանցված առաջընթացի կապակցությամբ։ Ծրագիրն ամրապնդվել է հավելյալ 18 միլիոն եվրոյի տրամադրմամբ։ Երկուստեք ընդգծվել է նաև ՀՀ–ԵՄ համատեղ աշխատանքային խմբի դերակատարությունը Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունության բարձրացման հարցում՝ հատկապես գյուղատնտեսության, առևտրի, բյուջետային աջակցության ու էներգետիկայի ոլորտներում իրականացվող աշխատանքների շնորհիվ։
Տնտեսական համագործակցությանն առնչվող քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել առևտրի հետագա բազմազանեցմանը, եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, եվրոպական չափանիշներին համապատասխանության ապահովմանն ու կարողությունների զարգացմանը։ Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Եվրամիության առևտրային ինքնավար միջոցների ընդունման համար։ Դրանց շրջանակում առաջիկա երկու տարիներին ԵՄ արտահանվող հայկական ծագման արտադրանքի շուրջ 80 տոկոսը եվրոպական շուկա առանց մաքսատուրքի մուտք գործելու հնարավորություն կունենա։ Կողմերը շեշտել են նաև Հայաստան–ԵՄ կապակցվածության գործընկերության նշանակությունը՝ ողջունելով դրա երեք առանցքային ոլորտներում՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվայնացման ուղղություններով գրանցված ձեռքբերումները։
Հայաստանը դրական է գնահատել երկրի առաջնահերթություններին համապատասխան էներգետիկ ոլորտում Եվրամիության ցուցաբերած աջակցությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել հետազոտության և նորարարության, շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, քաղաքացիական պաշտպանության, կրթության, սպորտի, մշակույթի, զբաղվածության, սոցիալական քաղաքականության, վիճակագրության, մաքսային և հարկային ոլորտներում զարգացող գործընկերության վերաբերյալ։
Գործընկերության կոմիտեն քննարկել է իրավունքի գերակայության ամրապնդման, արդարադատության և իրավապահ համակարգի բարեփոխումների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը։ ԵՄ-ն դրական է գնահատել Հայաստանի ջանքերն այս ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում և կարևորել դրանց հետագա առաջմղմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։ Կողմերն ընդգծել են նաև ակտիվ քաղաքացիական հասարակության, քաղաքականությունների մշակման գործընթացներում ներառականության ապահովման, ինչպես նաև քաղաքացիական մասնակցության համար բաց և նպաստավոր միջավայրի ձևավորման կարևորությունը։
Երկուստեք ողջունվել է նաև Մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի իրագործման ընթացքում գրանցված առաջընթացը։ Հայաստանն ու ԵՄ-ն վերահաստատել են ծրագրի բոլոր չորս ուղղություններով համագործակցությունը շարունակելու համատեղ պատրաստակամությունը։
Կողմերը ողջունել են Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանի զինված ուժերին աջակցելու նպատակով մինչ օրս տրամադրված 30 միլիոն եվրոյի աջակցությունը և ընդգծել այդ շրջանակում համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման կարևորությունը։
Գործընկերության կոմիտեն քննարկել է նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ համագործակցությունը։ Կողմերը ողջունել են Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության գործունեության մեկնարկը։
Կողմերը վերահաստատել են Հայաստանում ԵՄ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանային կայունության և մարդկային անվտանգության ապահովման գործում։
Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային հաղորդակցությունների վերաբացման կարևորությունը՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և մասնակից բոլոր պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության հարգմամբ։ ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը։





