Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 23-ին կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ տեղեկացնել, որ երկուշաբթի Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը, և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- ասել է ՀՀ վարչապետը, հայտնում է Արմենպրեսը:
Նա առաջարկել է, որ ընդդիմությունն ապահովի հանրաքվեի գնալու համար անհրաժեշտ 6 ձայնը, հայտնում է «Ազատութունը»:
«Այժմ առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովվի անհրաժեշտ վեց ձայնը, որ գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի», – նշել է կառավարության ղեկավարը:
Նա վերահաստատել է, որ եթե ժողովուրդ դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական կտա:
Փաշինյանը նաև հավաստիացրել է, որ եթե քաղաքացիները հավանություն տան նոր Սահմանադրությանը, հաջորդ խորհրդարանական ընտրություններում՝ անկախ դրանց հերթական կամ արտահերթ լինելու հանգամանքից, չի առաջադրվի վարչապետի թեկնածու։
«Ոնց որ թե ընդդիմությունը չի ընդունում, բայց այս առաջարկը բաց եմ պահում»,- նշել է վարչապետը։





