ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը պատրաստվում է միջազգային կազմակերպություններին դիմել Արցախից տեղահանված և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում «Ադրբեջան» նշման հարցով: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում:
Արցախցի պատգամավորն իր հրապարակման մեջ հայտնել է, որ խնդրի շուրջ քննարկում է ունեցել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավարի հետ։
«Բավական երկար խոսակցություն եմ ունեցել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի հետ: Թեման նոր կենսաչափական անձնագրերի հետ կապված մի շարք հարցերն էին, առաջին հերթին` ծննդավայր տողում «Ադրբեջան» գրվելը:
Մի շարք հակափաստարկներ բերեցի, լսեցի իրենց հիմնավորումը: Հայտնեցի, որ այս թեմային ամենածավալուն անդրադարձ եմ անելու գրավոր և բանավոր, դիմելու եմ միջազգային կազմակերպություններին:
Դրանից հետո տվյալ ծառայությունը հրապարակել է իր հայտարարությունը»։
Ըստ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ նոր կենսաչափական փաստաթղթերի ծննդյան վայրի համար նախատեսված դաշտում «Ադրբեջան» նշելու անհրաժեշտությունը բխում է ICAO 9303 և ISO 3166 միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներից։





